Հոդված 30. Կարգապահական տույժերը հանելու կարգը
Հոդված 30. Կարգապահական տույժերը հանելու կարգը
1. Զինծառայողները համարվում են կարգապահական տույժ չունեցող` կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու դեպքում:
2. Կարգապահական տույժը կրելու ժամկետը համարվում է լրացած`
1) «նկատողություն» կարգապահական տույժի տրման օրվանից 3 ամիս հետո.
2) «խիստ նկատողություն» կարգապահական տույժի տրման օրվանից 4 ամիս հետո.
3) «զորամասի տեղաբաշխման վայրից հերթական արձակումից զրկում» կարգապահական տույժով սահմանված ժամկետը լրանալուց հետո.
4) «աշխատանքի արտահերթ վերակարգի նշանակում» կարգապահական տույժի տրման օրվանից 2 ամիս հետո.
5) «հիմնական արձակուրդի տրման հետաձգում» կարգապահական տույժով սահմանված ժամկետը լրանալուց հետո.
6) «կարգապահական վաշտ ուղարկելը» կարգապահական տույժի տրման օրվանից 6 ամիս հետո.
7) «գերատեսչական կրծքանշանից զրկում» կարգապահական տույժի տրման օրվանից 6 ամիս հետո.
8) «նախազգուշացում` պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին» կարգապահական տույժի տրման օրվանից 1 տարի հետո.
9) «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժի տրման օրվանից 1 տարի հետո.
10) «զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժի տրման օրվանից 1 տարի հետո.
11) «հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետը կասեցնելը» կարգապահական տույժով սահմանված ժամկետը լրանալուց հետո:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված համապատասխան կարգապահական տույժը կրելու ժամկետի ընթացքում նոր կարգապահական խախտում թույլ տալու համար զինծառայողին կարգապահական տույժ տալու դեպքում նախորդ կարգապահական տույժի կրման ժամկետը կասեցվում է, և ժամկետի հաշվարկը սկսվում է նոր կարգապահական տույժի կրման համար նախատեսված ժամկետով, եթե նոր կարգապահական տույժի կրման ժամկետը պակաս չէ նախորդ կարգապահական տույժի կրման համար մնացած ժամկետից:
4. «Տրված կարգապահական տույժի հանում» խրախուսանքը զինծառայողին կարող է տրվել միայն սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված յուրաքանչյուր կարգապահական տույժը կրելու ժամկետի ոչ պակաս, քան կեսը լրացած լինելու դեպքում: Միաժամանակ մեկից ավելի կարգապահական տույժ չի կարող հանվել, և մեկից ավելի կարգապահական տույժ ունենալու դեպքում հանվում է ստացած վերջին կարգապահական տույժը:
5. «Տրված կարգապահական տույժի հանում» խրախուսանքը չի կարող տրվել «ռազմաուսումնական հաստատությունից հեռացում» կարգապահական տույժի դեպքում:
6. «Պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու դեպքում զինծառայողը ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում նշանակվում է մինչև կարգապահական տույժը ստանալը զբաղեցրած կամ դրան հավասարազոր պաշտոնում` համապատասխան թափուր հաստիքի առկայության դեպքում և ատեստավորման կարգով:
7. «Զինվորական կոչման իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու դեպքում զինծառայողին ոչ ուշ, քան 30-օրյա ժամկետում շնորհվում է մինչև կարգապահական տույժը ստանալն ունեցած զինվորական կոչումը` անկախ զբաղեցրած պաշտոնից: Այս դեպքում մինչև զինվորական կոչման իջեցումն ունեցած զինվորական կոչման կրման ժամանակահատվածը հաշվարկվում է տվյալ զինվորական կոչման կրման համար օրենքով սահմանված ժամկետում:
8. «Հերթական զինվորական կոչում ստանալու ժամկետը կասեցնելը» կարգապահական տույժը կրելու ժամկետը լրանալու կամ կարգապահական տույժը հանվելու դեպքում զինծառայողի հերթական զինվորական կոչման կրման հաշվարկի ընթացքը վերսկսվում է:
(30-րդ հոդվածը փոփ. 12.12.19 ՀՕ-311-Ն)
(հոդվածը 13.04.23 ՀՕ-125-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը)