Հոդված 13. Կարգապահական խախտման հասկացությունը
Հոդված 13. Կարգապահական խախտման հասկացությունը
1. Կարգապահական խախտում (զանցանք) է համարվում զինվորական ծառայության կարգի դեմ ոտնձգող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար սույն օրենքով նախատեսված է կարգապահական պատասխանատվություն: Կարգապահական խախտում է համարվում նաև սպայական կազմի զինծառայողի կողմից հաշվետու կամ ուսումնական տարվա արդյունքներով ծառայողական գործառույթները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը կամ սպայի պատվի կանոնների խախտումը: Սպայի պատվի կանոնները սահմանվում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի նորմատիվ հրամանով:
2. Սույն օրենքով նախատեսված իրավախախտումների համար կարգապահական պատասխանատվություն առաջանում է անկախ այն հանգամանքից, որ այդ խախտումները իրենց բնույթով առաջացնում են քրեական պատասխանատվություն:
3. Վարչական իրավախախտում թույլ տված զինծառայողները պատասխանատվության են ենթարկվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով սահմանված կարգով:
(հոդվածը 13.04.23 ՀՕ-125-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող երեսուներորդ օրը)