Հոդված 148. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼԸ
Հոդված 148. ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԵԼԸ
1. Հսկողության հանձնելն այն է, երբ անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի ծնողների, խնամակալների, հոգաբարձուների կամ փակ մանկական հիմնարկների վարչակազմի վրա, որտեղ նա պահվում է, պարտականություն է դրվում ապահովել կասկածյալի կամ մեղադրյալի պատշաճ վարքագիծը, քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով նրա ներկայանալը և այլ դատավարական պարտականություններ կատարելը:
2. Անչափահասի նկատմամբ որպես խափանման միջոց հսկողության հանձնելը կիրառելու դեպքում քրեական վարույթն իրականացնող մարմինը նրա ծնողներին, խնամակալներին, հոգաբարձուներին, փակ մանկական հիմնարկի վարչակազմի ներկայացուցչին ծանոթացնում է կայացված որոշմանը և նրանց հանձնում որոշման պատճենը, ծանոթացնում է կասկածանքի կամ մեղադրանքի բովանդակությանը, նրանց բացատրում է իրենց իրավունքները, պարտականությունները և պատասխանատվությունը, ինչն արտացոլվում է արձանագրությունում:
3. Ծնողները, խնամակալները, հոգաբարձուներն իրավունք ունեն հրաժարվել անչափահաս կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ հսկողություն իրականացնելուց:
4. Իրենց պարտականությունները չկատարելու համար հսկողություն իրականացնելու պարտավորություն ստանձնած անձինք կրում են օրենքով նախատեսված պատասխանատվություն: