Հոդված 209. Հարցաքննության արձանագրությունը
Հոդված 209. Հարցաքննության արձանագրությունը
1. Հարցաքննության փաստը, ընթացքը և արդյունքներն արտացոլվում են արձանագրությունում, որը կազմվում է սույն օրենսգրքի պահանջներին համապատասխան:
2. Հարցաքննվող անձի ցուցմունքները գրի են առնվում առաջին դեմքով և, հնարավորության սահմաններում, բառացի: Հարցերը և դրանց պատասխանները գրի են առնվում նույն հաջորդականությամբ, որ տրվել են հարցաքննության ընթացքում: Արձանագրությունում նշվում են բոլոր հարցերը, այդ թվում՝ նրանք, որոնք չեն ընդունվել քննիչի կողմից, կամ որոնց հրաժարվել է պատասխանել հարցաքննվող անձը: Հարցերին պատասխանելուց հրաժարվելու պատճառները նշվում են արձանագրությունում: Այս կարգը չի կիրառվում սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերում:
Հարցաքննվող անձն իրավունք ունի իր ցուցմունքները գրելու իր ձեռքով, ինչի մասին քննիչն արձանագրությունում նշում է կատարում: Ցուցմունքին ծանոթանալուց հետո քննիչը նրան կարող է տալ լրացուցիչ հարցեր: Հարցերը և տրվող պատասխանները ներառվում են արձանագրությունում:
3. Եթե հարցաքննության ընթացքում հարցաքննվող անձին ներկայացվում են իրեղեն ապացույցներ կամ փաստաթղթեր, կամ հրապարակվում են քննչական այլ գործողությունների արձանագրություններ կամ վերարտադրվում են ձայնագրման և (կամ) տեսագրման նյութեր կամ քննչական գործողությունների նկարահանումներ, ապա այդ մասին նշում է կատարվում հարցաքննության արձանագրությունում: Արձանագրությունում պետք է արտացոլվեն դրանց կապակցությամբ հարցաքննվող անձի ցուցմունքները:
3.1. Վկայի ցուցմունքը տեսաձայնագրառվում է, բացառությամբ եթե առարկում է քննչական գործողության մասնակիցը, կամ բացակայում են համապատասխան տեխնիկական միջոցները: Հարցաքննության ընթացքի տեսաձայնագրառման դեպքում, եթե քննչական գործողության մասնակիցները չեն առարկում, ապա ցուցմունքները, այդ թվում՝ հարցերը և պատասխանները հարցաքննության արձանագրության մեջ չեն արտացոլվում: Տեսաձայնագրառումն ամրագրվում է երկու նյութական կրիչի վրա, որոնք կցվում են հարցաքննության արձանագրությանը: Նյութական կրիչներից մեկը կնքվում է և կարող է բացվել դատարանում, իսկ մյուս կրիչը կարող է օգտագործել քննիչը կամ դատախազը ` իր դատավարական լիազորություններն իրականացնելու նպատակով: Հարցաքննության ընթացքի տեսաձայնագրառման նյութական կրիչի կրկնօրինակը տրամադրվում է դատավարության մասնակիցներին՝ քրեական գործի նյութերին ծանոթացնելու ընթացքում:
4. Եթե հարցաքննության ընթացքում իրականացվել են լուսանկարահանում, ձայնագրում և (կամ) տեսագրում, կինոնկարահանում, ապա արձանագրությունը պետք է պարունակի՝
1) նշումներ լուսանկարահանում, ձայնագրում և (կամ) տեսագրում, կինոնկարահանում կատարելու մասին.
2) նշումներ օգտագործվող տեխնիկական միջոցների, լուսանկարահանման, ձայնագրման և (կամ) տեսագրման, կինոնկարահանման պայմանների կամ ձայնագրման և (կամ) տեսագրման, կինոնկարահանման ընդհատման տևողության մասին.
3) հարցաքննվող անձի հայտարարությունները և դիտողությունները լուսանկարահանում, ձայնագրում և (կամ) տեսագրում, կինոնկարահանում կատարելու վերաբերյալ.
4) քննիչի և հարցաքննվող անձի՝ արձանագրության ճշտությունը հավաստող ստորագրությունները.
5) նշումներ հարցաքննության ընթացքում հարցաքննվող անձի կողմից սխեմաներ, գծագրեր, նկարներ, դիագրամաներ պատրաստելու և դրանք արձանագրությանը կցելու մասին:
5. Հարցաքննության ավարտից հետո արձանագրությունը ներկայացվում է հարցաքննվող անձի ծանոթացմանը, կամ էլ նրա խնդրանքով արձանագրությունը հրապարակում է քննիչը, ինչի մասին նշում է կատարվում արձանագրությունում: Արձանագրությունը լրացնելու կամ դրանում ուղղումներ կատարելու վերաբերյալ հարցաքննվող անձի հայտարարությունները քննիչի կողմից մերժման ենթակա չեն:
Սույն հոդվածի 3.1-ին մասով նախատեսված դեպքերում հարցաքննության ավարտից հետո քննիչը վերարտադրում է ցուցմունքի տեսաձայնագրառումը, որի մասին նշվում է հարցաքննության արձանագրությունում: Տեսաձայնագրառման վերաբերյալ հարցաքննվող անձի հայտարարությունները քննիչը կամ հարցաքննվող անձը նշում է հարցաքննության արձանագրության մեջ:
6. Արձանագրությունում նշվում են բոլոր այն անձանց տվյալները, ովքեր մասնակցել են հարցաքննությանը: Նրանցից յուրաքանչյուրը պետք է ստորագրի արձանագրությունը, ինչպես նաև դրանում արված բոլոր լրացումները և ուղղումները:
Հարցաքննությանը մասնակցող անձանց կողմից արձանագրությունը ստորագրելուց հրաժարվելը կամ ստորագրման անհնարինությունը հավաստվում է սույն օրենսգրքի 29-րդ հոդվածի յոթերորդ մասով սահմանված կարգով:
7. Ցուցմունքին ծանոթանալու և դրանում առկա գրառումների ճշտության փաստը հարցաքննվող անձը հավաստում է իր ստորագրությամբ, որը դրվում է արձանագրության վերջում: Հարցաքննվող անձը ստորագրում է նաև արձանագրության յուրաքանչյուր էջի տեքստի վերջում:
8. Սույն օրենսգրքի 207-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված դեպքերում հարցաքննության արձանագրությունում պարտադիր արտացոլվում է, որ հարցերը տվել է հոգեբանը:
(209-րդ հոդվածը լրաց. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ. 23.05.06 ՀՕ-104-Ն, լրաց. 15.04.20 ՀՕ-214-Ն, 03.06.20 ՀՕ-300-Ն)