Հոդված 216. ԱՌԵՐԵՍՈՒՄ
Հոդված 216. ԱՌԵՐԵՍՈՒՄ
1. Քննիչն իրավունք ունի կատարել նախօրոք հարցաքննված երկու այն անձանց առերեսում, որոնց ցուցմունքներում էական հակասություններ կան: Քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի և մեկ այլ անձի ցուցմունքներում:
2. Առերեսման սկզբում ճշտվում է, թե արդյոք անձինք, որոնց միջև կատարվում է առերեսում, ճանաչում են իրար և ինչպիսի հարաբերությունների մեջ են միմյանց հետ: Առերեսման կանչված անձը գրավոր տեղեկացվում է իր, ամուսնու կամ իր մերձավոր ազգականների վերաբերյալ ցուցմունք չտալու իր իրավունքի մասին, եթե ողջամտորեն ենթադրում է, որ այն հետագայում կարող է օգտագործվել իր կամ նրանց դեմ: Վկան և տուժողը նախազգուշացվում են ցուցմունք տալուց հրաժարվելու, սուտ ցուցմունք տալու համար սահմանված պատասխանատվության մասին:
3. Առերեսման կանչված անձանց առաջարկվում է հերթով ցուցմունքներ տալ այն հանգամանքների վերաբերյալ, որոնք պարզելու համար կատարվում է առերեսումը: Դրանից հետո քննիչը հարցեր է տալիս: Առերեսման կանչված անձինք քննիչի թույլտվությամբ կարող են հարցեր տալ միմյանց:
4. Առերեսման մասնակիցների նախորդ հարցաքննությունների ժամանակ տված ցուցմունքների հրապարակումը թույլատրվում է նրանց կողմից առերեսման ընթացքում ցուցմունքներ տրվելուց և դրանք արձանագրության մեջ գրառելուց հետո միայն:
4.1. Առերեսման ընթացքի տեսաձայնագրառման դեպքում կիրառվում են սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի 3.1-ին մասով սահմանված կանոնները:
5. Առերեսմանը, սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում, կարող են մասնակցել պաշտպանը, թարգմանիչը և հարցաքննվողի օրինական ներկայացուցիչը, որոնք նույնպես ստորագրում են արձանագրությունը:
5.1. Անչափահաս տուժողի կամ վկայի մասնակցությամբ առերեսումները՝ սույն օրենսգրքի 207-րդ հոդվածի 6-րդ մասով նախատեսված դեպքերում, ինչպես նաև, եթե դա է պահանջում երեխայի լավագույն շահը, իրականացվում են միջնորդավորված՝ տեսաձայնագրառման և տեխնիկական այլ միջոցների օգնությամբ:
6. Քննիչը առերեսման մասնակիցներին ծանոթացնում է արձանագրության բովանդակությանը: Հարցաքննված անձինք իրավունք ունեն պահանջել արձանագրության մեջ կատարելու ուղղումներ և լրացումներ: Առերեսման արձանագրությունն ստորագրում են քննիչը և հարցաքննվող անձինք: Յուրաքանչյուր հարցաքննվող ստորագրում է իր ցուցմունքները և արձանագրության ամեն մի էջը:
7. Արձանագրությունն ստորագրելուց հարցաքննվողների հրաժարվելու դեպքում քննիչը պարզում է հրաժարման պատճառները և արձանագրությունը հաստատում է իր ստորագրությամբ: Եթե հարցաքննվողը ֆիզիկական պակասությունների կամ անգրագիտության հետևանքով զրկված է արձանագրությունն անձամբ ստորագրելու հնարավորությունից, քննիչն այդ մասին նշում է արձանագրության մեջ և այն հաստատում իր ստորագրությամբ:
(216-րդ հոդվածը խմբ. 16.01.18 ՀՕ-69-Ն, լրաց. 15.04.20 ՀՕ-214-Ն, 03.06.20 ՀՕ-300-Ն)