Հոդված 288. ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԱԼԱՆՔՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՄ ՉԸՆՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ և ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ
Հոդված 288. ՈՐՊԵՍ ԽԱՓԱՆՄԱՆ ՄԻՋՈՑ ԿԱԼԱՆՔՆ ԸՆՏՐԵԼՈՒ ԿԱՄ ՉԸՆՏՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ և ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՍՏՈՒԳՈՒՄԸ
1. Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից:
2. Կալանավորելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու օրինականությունը և հիմնավորվածությունը դատարանն ստուգում է ընտրված խափանման միջոցի օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող նյութերն ստանալու օրվանից` երեք օրվա ընթացքում:
3. Դատական ստուգումը կատարվում է դռնփակ դատական նիստում` դատախազի և պաշտպանի մասնակցությամբ: Բողոքը քննելու օրվա մասին նախապես իրազեկ կողմի չներկայանալը չի խոչընդոտում դատական ստուգումն իրականացնելուն: Դատարանը բացատրություններ տալու համար դատական նիստին կարող է կանչել հետաքննության մարմնի աշխատակցին կամ քննիչին, ինչպես նաև տուժողին:
4. Նիստի սկզբում նախագահող դատավորը հայտարարում է, թե ինչպիսի բողոք է քննվելու, ներկայացնում է դատարան ներկայացած անձանց և նրանց պարզաբանում է իրենց իրավունքները և պարտականությունները: Այնուհետև դիմողը, եթե նա մասնակցում է բողոքի քննությանը, հիմնավորում է բողոքը, որից հետո լսում են նիստին ներկա գտնվող այլ անձանց:
5. Դատական ստուգման արդյունքում դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը`
1) կալանքը որպես խափանման միջոց վերացնելու և անձին կալանքից ազատելու մասին.
2) որպես խափանման միջոց կալանք ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին.
3) բողոքն առանց բավարարման թողնելու մասին:
6. Այն դեպքում, երբ նիստին ներկայացված չեն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող նյութեր, դատարանը որոշում է կայացնում տվյալ խափանման միջոցը վերացնելու և անձին կալանքից ազատելու մասին:
7. Դատարանի որոշման պատճենն ուղարկվում է դատախազին և դիմողին, իսկ անձին կալանքից ազատելու մասին որոշում կայացնելու դեպքում` նաև կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմին` անհապաղ կատարման համար:
8. Բողոքն առանց բավարարման թողնվելու դեպքում դատարանի կողմից նույն գործով նույն անձի բողոքի կրկին քննում, սույն հոդվածով սահմանված կարգով, թույլատրվում է կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու յուրաքանչյուր դեպքում:
(288-րդ հոդվածը փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն)