Հոդված 212. ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 212. ՄԵՂԱԴՐՅԱԼԻ ՀԱՐՑԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ
1. Քննիչը պարտավոր է մեղադրյալին հարցաքննել նրան մեղադրանք առաջադրելուց հետո` անհապաղ, բայց ոչ ուշ, քան 24 ժամվա ընթացքում, իսկ մեղադրյալի խուսափելու կամ նրան հետախուզում հայտարարելու դեպքում` նրան բերման ենթարկելուց 48 ժամվա ընթացքում:
2. Մեղադրյալի հարցաքննությունը, բացի անհետաձգելի դեպքերից, կատարվում է ցերեկը:
3. Մեղադրյալը հարցաքննվում է նախաքննության կատարման վայրում, իսկ անհրաժեշտության դեպքում` իր գտնվելու վայրում:
4. Մեղադրյալը հարցաքննվում է գործով անցնող այլ անձանցից անջատ: Քննիչը միջոցներ է ձեռնարկում, որպեսզի մեղադրյալը չհաղորդակցվի գործով անցնող այլ անձանց հետ:
5. Մեղադրյալն իրավունք ունի հարցաքննվել պաշտպանի մասնակցությամբ: Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում պաշտպանի մասնակցությունը պարտադիր է:
6. Խուլ մեղադրյալի հարցաքննությունը կատարվում է ժեստերի լեզվի թարգմանչի մասնակցությամբ:
7. Մեղադրյալը հարցաքննվում է առաջադրված մեղադրանքի էության, ինչպես նաև գործի համար նշանակություն ունեցող այլ հանգամանքների վերաբերյալ:
8. Հարցաքննությունն սկսելուց առաջ քննիչը մեղադրյալին բացատրում է ցուցմունքներ տալուց, հարցաքննությունը պաշտպանի մասնակցությամբ անցկացնելու կամ պաշտպանի մասնակցությունից հրաժարվելու (բացառությամբ պաշտպանի մասնակցության պարտադիր լինելու դեպքերի) նրա իրավունքները:
9. Հարցաքննության սկզբում քննիչը պետք է պարզի, թե մեղադրյալն արդյոք իրեն մեղավոր ճանաչում է առաջադրված մեղադրանքում:
10. Քննիչն առաջարկում է մեղադրյալին ցուցմունքներ տալ մեղադրանքի և բոլոր այն հանգամանքների վերաբերյալ, որոնք իր կարծիքով, կարող են նշանակություն ունենալ գործի համար:
(212-րդ հոդվածը լրաց., փոփ. 25.05.06 ՀՕ-91-Ն, խմբ. 28.04.14 ՀՕ-10-Ն)