Հոդված 360. ԴԱՏԱՎՃԻՌ ԿԱՅԱՑՆԵԼԻՍ ԴԱՏԱՐԱՆԻ ԼՈՒԾՄԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՀԱՐՑԵՐԸ
Հոդված 360. ԴԱՏԱՎՃԻՌ ԿԱՅԱՑՆԵԼԻՍ ԴԱՏԱՐԱՆԻ ԼՈՒԾՄԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՀԱՐՑԵՐԸ
1. Դատավճիռ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը`
1) ապացուցված է արդյոք արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է ամբաստանյալը.
2) այդ արարքը համապատասխանում է արդյոք քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմերի հատկանիշներին.
3) ապացուցված է արդյոք ամբաստանյալի կողմից այդ արարքը կատարելը.
4) ապացուցված է արդյոք ամբաստանյալի մեղավորությունը տվյալ հանցանքը կատարելու մեջ և, եթե այո, ապա քրեական օրենսգրքի որ հոդվածով, մասով, կետով է նախատեսված այն.
5) ապացուցված է արդյոք ամբաստանյալի պատասխանատվությունը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների առկայությունը.
6) ենթակա է արդյոք պատժի ամբաստանյալն իր կատարած հանցանքի համար.
7) ինչ պատիժ պետք է նշանակվի ամբաստանյալի նկատմամբ.
8) ամբաստանյալն արդյոք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը.
9) (կետն ուժը կորցրել է 24.12.04 ՀՕ-61-Ն)
10) քաղաքացիական հայցը ենթակա է արդյոք բավարարման, ում օգտին և ինչ չափով, ինչպես նաև պատճառված գույքային վնասը ենթակա է արդյոք հատուցման, եթե քաղաքացիական հայց չի հարուցվել.
11) վերացվելու է արդյոք հանցագործությամբ պատճառված գույքային վնասի հատուցումը կամ գույքի հնարավոր բռնագրավումն ապահովելու համար գույքի վրա դրված կալանքը.
12) ինչ անել իրեղեն ապացույցները.
13) վերացվելու, փոխվելու կամ ընտրվելու է արդյոք խափանման միջոց և ինչպիսի միջոց.
14) ում վրա և ինչ չափով պետք է դրվեն դատական ծախսերը.
15) հանցանքը կատարելու մեջ մեղավոր ճանաչված ամբաստանյալի նկատմամբ անհրաժեշտ է արդյոք կիրառել հարկադրական բուժում գինեմոլությունից և թմրամոլությունից, նրա նկատմամբ նշանակել արդյոք խնամակալություն.
16) ապացուցված է արդյոք, որ բռնագանձման ենթակա գույքը ստացվել է հանցագործության կատարման արդյունքում կամ այդ գույքի օգտագործումից կամ օգտագործվել է կամ նախատեսվել է օգտագործվել որպես հանցագործության գործիք կամ միջոց կամ ուղղվել է ահաբեկչության ֆինանսավորմանը կամ հանդիսանում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 215.1-ին հոդվածի 7-րդ մասով նախատեսված մաքսանենգության առարկա:
2. Ամբաստանյալին մի քանի հանցանքներ կատարելու մեջ մեղադրելիս դատարանը սույն հոդվածի առաջին մասի 1-8-րդ կետերում նշված հարցերը լուծում է յուրաքանչյուր հանցագործության վերաբերյալ առանձին:
3. Մի քանի ամբաստանյալների դեպքում սույն հոդվածի առաջին մասում նշված բոլոր հարցերը լուծվում են յուրաքանչյուր ամբաստանյալի նկատմամբ առանձին:
(360-րդ հոդվածը փոփ. 24.12.04 ՀՕ-61-Ն, լրաց. 21.06.14 ՀՕ-115-Ն, փոփ. 16.05.16 ՀՕ-84-Ն)