Հոդված 10. Պայմանավորվող կողմերի միջև վեճերի կարգավորում
Հոդված 10. Պայմանավորվող կողմերի միջև վեճերի կարգավորում
1. Պայմանավորվող կողմերի միջև սույն Համաձայնագրի դրույթների կիրառմանը կամ մեկնաբանմանը վերաբերող որևէ վեճ հնարավորության սահմաններում պետք է կարգավորվի դիվանագիտական ուղիներով:
2. Եթե վեճը չի կարգավորվում Պայմանավորվող կողմերից մեկի` մյուսին գրավոր ծանուցելուց վեց ամսվա ընթացքում, ապա, Պայմանավորվող կողմերից մեկի դիմումի համաձայն, այն կհանձնվի սույն հոդվածով նախատեսված «ad hoc» միջնորդ դատարանի քննարկմանը:
3. Միջնորդ դատարանը կկազմվի հետևյալ ձևով.
Պայմանավորվող կողմերից մեկի միջնորդ դատարանի քննարկմանը վեճը հանձնելու վերաբերյալ դիմումի ստացման օրվանից երկու ամսվա ընթացքում յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կնշանակի դատարանի մեկ անդամ: Այնուհետև այդ երկու անդամները պետք է ընտրեն որևէ երրորդ պետության քաղաքացու` որպես միջնորդ դատարանի նախագահի: Նախագահը պետք է նշանակվի մյուս երկու անդամների նշանակումից հետո երեք ամսվա ընթացքում:
4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետում նշված ժամանակահատվածում անհրաժեշտ նշանակումները չեն կատարվում, ապա Պայմանավորվող կողմերից յուրաքանչյուրը, այլ համաձայնության բացակայության դեպքում, կարող է հրավիրել Միջազգային դատարանի նախագահին` անհրաժեշտ նշանակումներ կատարելու համար: Եթե վերոհիշյալ դատարանի նախագահը Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացի է կամ որևէ պատճառով չի կարող կատարել այդ նշանակումները, ապա կհրավիրվի դատարանի փոխնախագահը` այդ նշանակումները կատարելու համար: Եթե դատարանի փոխնախագահը նույնպես Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացի է կամ որևէ պատճառով չի կարող կատարել այդ նշանակումները, ապա կհրավիրվի Միջազգային դատարանի ավագ անդամը, որը Պայմանավորվող կողմերից մեկի քաղաքացի չէ:
5. Միջնորդ դատարանը իր որոշումները կկայացնի ձայների մեծամասնությամբ, որոնք պարտադիր կլինեն երկու Պայմանավորվող կողմերի համար: Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կհատուցի միջնորդ դատարանի իր անդամի և դատավարության ընթացքում իր ներկայացուցչության հետ կապված ծախսերը: Նախագահի հետ կապված և մնացած այլ ծախսերը հավասարապես կբաժանվեն երկու Պայմանավորվող կողմերի միջև: Միջնորդ դատարանն ինքը կորոշի իր ընթացակարգը: