Անցնել բովանդակությանը

Հոդված 7. Վկայականներ, լիցենզիաներ, անվտանգություն

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7. Վկայականներ, լիցենզիաներ, անվտանգություն

1. Մի Պայմանավորվող կողմի տրամադրած կամ նրա կողմից վավերական ճանաչված և դեռ ուժի մեջ գտնվող թռիչքային պիտանելիության վկայականները, որակավորման վկայականները և լիցենզիաները մյուս Պայմանավորվող կողմը պետք է ճանաչի վավերական Հավելվածում սահմանված երթուղիներով համաձայնեցված հաղորդակցությունների իրագործման համար` պայմանով, որ նման վկայականները կամ լիցենզիաները տրամադրված կամ վավերական ճանաչված լինեն Կոնվենցիայով սահմանված չափանիշների համաձայն:

Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ, այնուամենայնիվ, իրավունք է վերապահում իրեն հրաժարվել ճանաչելու իր տարածքի վրայով թռիչքների իրականացման նպատակով այն որակավորման վկայականները և լիցենզիաները, որոնք մյուս Պայմանավորվող կողմը տրամադրել է առաջինի քաղաքացիներին:

2. Այն դեպքում, եթե սույն հոդվածի 1-ին կետում հիշատակված վկայականները կամ լիցենզիաները տրամադրվել կամ վավերական են ճանաչվել Կոնվենցիայով սահմանված չափանիշներից տարբերվող պահանջների համաձայն, և եթե այդ տարբերվող պահանջները գրանցվել են Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունում, մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները կարող են, ըստ սույն Համաձայնագրի 17-րդ հոդվածի, պահանջել խորհրդակցություններ, որոնց նպատակն է պարզել, թե ինչքանով են տվյալ պահանջներն ընդունելի իրենց համար:

Բավարար համաձայնություն ձեռք չբերելը թռիչքների անվտանգությանը վերաբերող հարցերում հիմք է հանդիսանում սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի կիրառման համար:

3.1. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ ցանկացած ժամանակ կարող է խնդրել թռիչքային անձնակազմի, օդանավի կամ դրա շահագործման հետ կապված ցանկացած ոլորտի` մյուս Պայմանավորվող կողմի ընդունած անվտանգության չափանիշներին վերաբերող խորհրդակցություններ: Այդ խորհրդակցությունները պետք է տեղի ունենան այդ պահանջը ներկայացնելուց հետո` 30 օրվա ընթացքում:

3.2. Եթե նման խորհրդակցություններից հետո մի Պայմանավորվող կողմը պարզում է, որ մյուս Պայմանավորվող կողմը որևէ ոլորտում արդյունավետորեն չի պահպանում և չի ապահովում անվտանգության չափանիշները, որոնք առնվազն պետք է հավասար լինեն Չիկագոյի Կոնվենցիայի համաձայն հաստատված, տվյալ պահին գործող նվազագույն չափանիշներին, առաջինը պետք է երկրորդ Պայմանավորվող կողմին տեղեկացնի իր եզրահանգումների և այդ նվազագույն չափանիշներին համապատասխանելու համար անհրաժեշտ միջոցների մասին, իսկ վերջինս պետք է այդ թերությունները շտկելու համար համապատասխան միջոցներ ձեռնարկի: 15 օրվա կամ, փոխհամաձայնության դեպքում ավելի երկար ժամանակահատվածի երկրորդ Պայմանավորվող կողմի համապատասխան միջոցներ չձեռնարկելը հիմք է հանդիսանում սույն Համաձայնագրի 5-րդ հոդվածի կիրառման համար (թույլտվությունների չեղյալ համարում, դադարեցում, փոփոխություն):

3.3. Չնայած Չիկագոյի Կոնվենցիայի 33-րդ հոդվածում նշված պարտավորությանը` Պայմանավորվող կողմերը համաձայնում են, որ մի Պայմանավորվող կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից դեպի մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից դեպի մյուս Պայմանավորվող կողմի տարածք կամ տարածքից սկսվող թռիչքների համար շահագործվող ցանկացած օդանավ այդ տարածքում գտնվելիս մյուս Պայմանավորվող կողմի լիազորված ներկայացուցիչների կողմից կարող է ենթարկվել ներքին և արտաքին ստուգման` ինչպես օդանավի ու նրա անձնակազմի փաստաթղթերի վավերականությունը, այնպես էլ օդանավի ու նրա սարքավորումների արտաքին վիճակը պարզելու նպատակով (սույն հոդվածում կոչվում է «կառամատուցային ստուգում»)` պայմանով, որ դա չպետք է հանգեցնի չարդարացված ուշացման:

3.4. Եթե նման կառամատուցային ստուգումը կամ մի շարք ստուգումները տեղիք են տալիս.

ա) լուրջ անհանգստությունների, որ օդանավը կամ օդանավի շահագործումը չի համապատասխանում Չիկագոյի Կոնվենցիայի համաձայն հաստատված, տվյալ պահին գործող նվազագույն չափանիշներին, կամ

բ) լուրջ անհանգստությունների, որ բացակայում է Չիկագոյի Կոնվենցիայի համաձայն հաստատված, տվյալ պահին գործող անվտանգության նվազագույն չափանիշների արդյունավետ պահպանումը կամ ապահովումը,

ապա ստուգում իրականացնող Պայմանավորվող կողմը, ըստ Չիկագոյի Կոնվենցիայի 33-րդ հոդվածի, ազատ է եզրակացնելու, որ այն պահանջները, որոնց համաձայն տրվել կամ վավերական են ճանաչվել այդ օդանավի կամ այդ օդանավի անձնակազմի հետ կապված վկայականները կամ լիցենզիաները, կամ այն պահանջները, որոնց համապատասխան շահագործվում է այդ օդանավը, հավասար չեն կամ ցածր են Չիկագոյի Կոնվենցիայի համաձայն հաստատված նվազագույն չափանիշներից:

3.5. Այն դեպքում, եթե, վերոհիշյալ 3-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն, մի Պայմանավորվող կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից շահագործվող օդանավի կառամատուցային ստուգման իրականացման համար մուտքը մերժվում է այդ ավիաընկերության կամ ավիաընկերությունների ներկայացուցչի կողմից, ապա մյուս Պայմանավորվող կողմը իրավունք ունի եզրակացնելու, որ գոյություն ունեն վերոհիշյալ 3-րդ կետի 4-րդ ենթակետում նշված լուրջ անհանգստության հիմքերը, և կարող է անել նույն կետում նշված եզրահանգումները:

3.6. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ իրեն իրավունք է վերապահում ժամանակավորապես դադարեցնել կամ փոխել մյուս Պայմանավորվող կողմի ավիաընկերության կամ ավիաընկերությունների շահագործման թույլտվությունը այն դեպքում, երբ կառամատուցային ստուգման կամ մի շարք ստուգումների, կառամատուցային ստուգումների համար մուտքի մերժման, խորհրդակցության արդյունքում կամ այլ կերպ եզրակացնում է, որ այդպիսի անհապաղ միջոցների ձեռնարկումը անհրաժեշտ է ավիաընկերության կողմից օդանավի շահագործման անվտանգության համար:

3.7. Սույն հոդվածի 3.2 կամ 3.6 ենթակետերում նշված գործողությունները իրականացնող Կողմը պետք է դադարեցնի դրանք այդ գործողությունների իրականացման հիմքերի վերացման դեպքում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։