Հոդված 13. Սակագներ
Հոդված 13. Սակագներ
1. Պայմանավորվող կողմերը պետք է թույլ տան, որ Հավելվածում սահմանված երթուղիներից մեկի վրա իրականացվող չվերթի սակագինը սահմանվի նշանակված ավիաընկերություններից յուրաքանչյուրի կողմից, իսկ հնարավորության դեպքում` այդ ավիաընկերությունների միջև խորհրդակցություններից հետո:
2. Դեպի մյուս Պայմանավորվող կողմի տարածք և այդ տարածքից ըստ համաձայնեցված հաղորդակցությունների իրականացվող փոխադրումների սակագները պետք է սահմանել չափավոր մակարդակի վրա` պատշաճորեն հաշվի առնելով բոլոր հարակից գործոնները` ներառյալ շահագործման ծախսերը, չափավոր շահույթը, հաղորդակցությունների առանձնահատկությունները, սպառողների շահերը և, եթե նպատակահարմար է, նաև մյուս ավիաընկերությունների` նույն երթուղով կամ նրա մի հատվածով իրականացվող փոխադրումների սակագները:
3. Սակագները պետք է ներկայացվեն Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունների հաստատմանը` դրանք կիրառման մեջ դնելու հավանական օրվանից ամենաքիչը քառասունհինգ (45) օր առաջ: Հատուկ դեպքերում ավիացիոն իշխանությունների կողմից կարող է ընդունվել սակագների ներկայացման ավելի կարճ ժամանակահատված:
Եթե սակագները ստանալուց հետո երեսուն (30) օրվա ընթացքում մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին չեն ծանուցում ներկայացված սակագների` իրենց համար անընդունելիության մասին, ապա այդ սակագները համարվում են ընդունելի և պետք է ուժի մեջ մտնեն սակագնում սահմանված օրվանից:
Այն դեպքում, եթե ավիացիոն իշխանությունների կողմից ընդունվում է սակագնի ներկայացման ավելի կարճ ժամկետ, ապա կարող է նաև համաձայնություն կայացվել, որպեսզի նշված սակագների անընդունելիության մասին ծանուցումը ներկայացվի երեսուն (30) օրվանից պակաս ժամանակահատվածում:
4. Այն դեպքում, եթե սակագների անընդունելիության մասին ծանուցումը հանձնվել է համաձայն սույն հոդվածի 3-րդ կետի, ապա Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները, համաձայն սույն Համաձայնագրի 17-րդ հոդվածի, պետք է խորհրդակցություններ հրավիրեն և ձգտեն սակագները սահմանել փոխհամաձայնությամբ:
5. Եթե ավիացիոն իշխանությունները չեն կարողանում համաձայնության գալ սույն հոդվածի 3-րդ կետի համաձայն ներկայացված սակագների կամ սույն հոդվածի 4-րդ կետի համաձայն ցանկացած սակագնի սահմանման վերաբերյալ, ապա վեճը պետք է լուծվի սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածին համապատասխան:
6. Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկի ավիացիոն իշխանություններին չեն բավարարում սահմանված սակագները, ապա նրանք պետք է այդ մասին ծանուցեն մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին, իսկ նշանակված ավիաընկերությունները պետք է անհրաժեշտության դեպքում փորձեն համաձայնություն ձեռք բերել:
Եթե սակագների անընդունելիության վերաբերյալ ծանուցումը ստանալու օրվանից հետո իննսուն (90) օրվա ընթացքում չի հաջողվում նոր սակագին հաստատել, ապա կիրառվում են սույն հոդվածի 4-րդ և 5-րդ կետերում սահմանված ընթացակարգերը:
7. Սույն հոդվածի դրույթների համաձայն հաստատված սակագներն ուժի մեջ են մնում, քանի դեռ չեն հաստատվել նոր սակագներ` համաձայն սույն հոդվածի կամ սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածի դրույթների:
8. Ոչ մի սակագին չպետք է ուժի մեջ մտնի, եթե երկու Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները այն չեն հաստատել, բացառությամբ սույն Համաձայնագրի 18-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված դեպքի:
9. Երկու Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները պետք է ձգտեն ապահովել, որ գանձվող և հավաքվող սակագները համապատասխանեն իրենց կողմից հաստատած սակագներին և չենթարկվեն զեղչերի: