Հոդված 29
Հոդված 29
Աուդիտորական գործունեության կարգավորումն անդամ պետությունում
1. Անդամ պետությունը սահմանում է աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմինը (մարմինները)։ Աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմին (մարմիններ) կարող է լինել անդամ պետությունների պետական մարմինը, հատուկ այդ նպատակով ստեղծված կազմակերպությունը։
2. Աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմինը պետք է անկախ լինի աուդիտորական կազմակերպություններից, անհատ աուդիտորներից, աուդիտորներից, աուդիտորների մասնագիտական միավորումներից (ինքնակարգավորվող կազմակերպություններից)։
3. Աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների շարքին են դասվում՝
ա) աուդիտորական գործունեության ոլորտում պետական քաղաքականության մշակումը.
բ) աուդիտորական գործունեությունը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի ընդունումը (եթե անդամ պետության օրենսդրությամբ այդ իրավունքը սահմանվել է աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացմանը լիազորված մարմնի համար), ինչպես նաև աուդիտորների անկախությանն ու մասնագիտական էթիկային ներկայացվող պահանջների սահմանումը.
գ) անդամ պետությունում աուդիտորական ծառայությունների շուկայի վիճակի վերլուծությունը.
դ) աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված՝ մյուս անդամ պետությունների մարմինների հետ փոխգործակցությունը.
ե) սույն համաձայնագրով և (կամ) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ։
4. Աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման նպատակով անդամ պետությունն աուդիտորական գործունեության կարգավորման գործառույթների իրականացման համար լիազորված մարմնին պետք է օժտի աուդիտորական կազմակերպություններից, անհատ աուդիտորներից, աուդիտորներից, աուդիտորների մասնագիտական միավորումներից (ինքնակարգավորվող կազմակերպություններից) անհրաժեշտ տեղեկատվությունն ու փաստաթղթերը պահանջելու իրավունքով, ինչպես նաև պետք է պարտավորեցնի աուդիտորական կազմակերպություններին, անհատ աուդիտորներին, աուդիտորներին, աուդիտորների մասնագիտական միավորումներին (ինքնակարգավորվող կազմակերպություններին) նշված մարմնին տրամադրել այդ տեղեկատվությունը և փաստաթղթերը։