Հոդված 4
Հոդված 4
Աուդիտորական գործունեություն իրականացնող անձանց ներկայացվող պահանջները
1. Անդամ պետությունում որպես աուդիտորական կազմակերպություն աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ստանալու համար իրավաբանական անձը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին՝
ա) աշխատանքային պայմանագրերի հիման վրա հիմնական աշխատանքի վայրի տվյալ իրավաբանական անձի աշխատող հանդիսացող աուդիտորների՝ անդամ պետության օրենսդրությամբ սահմանված թվաքանակը չպետք է լինի երեքից պակաս.
բ) տվյալ իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի՝ աուդիտորներին և (կամ) աուդիտորական կազմակերպություններին պատկանող մասնաբաժինը՝ 51 տոկոսից ոչ պակաս.
գ) տվյալ իրավաբանական անձի կոլեգիալ գործադիր մարմնում աուդիտորների թվաքանակը՝ այդ մարմնի կազմի առնվազն 50 տոկոսը։ Տվյալ իրավաբանական անձի միանձնյա գործադիր մարմին հանդիսացող անձը պետք է լինի աուդիտոր.
դ) անթերի գործարար համբավ, որն արտահայտվում է քաղաքացիական շրջանառության մասնակիցների, այդ թվում՝ աուդիտորների մասնագիտական միավորումների (ինքնակարգավորվող կազմակերպություններ) կողմից իրավաբանական անձի գործունեության, դրա մարմինների, սեփականատերերի, փոխկապակցված անձանց, դուստր և կախյալ կազմակերպությունների գործարար որակների, գործարար վարքագծի վերաբերյալ դրական գնահատականով.
ե) աշխատանքի որակի ներքին վերահսկողություն իրականացնելու կանոնների առկայություն։
2. Աուդիտորական գործունեություն իրականացնելու ցանկություն ունեցող իրավաբանական անձը չի կարող ստեղծվել բաց (հանրային) բաժնետիրական ընկերության կամ պետական (մունիցիպալ) ունիտար ձեռնարկության ձևով։
3. Անդամ պետությունում որպես անհատ աուդիտոր աուդիտորական գործունեություն իրականացնելու իրավունք ստանալու համար անդամ պետության օրենսդրությանը համապատասխան որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձը պետք է համապատասխանի հետևյալ պահանջներին՝
ա) սույն համաձայնագրի 5-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված պահանջներին համապատասխանությունը.
բ) աշխատանքի որակի ներքին վերահսկողություն իրականացնելու կանոնների առկայությունը։
4. Անդամ պետությունն իրավունք ունի իր օրենսդրությամբ սահմանելու լրացուցիչ պահանջներ տվյալ անդամ պետության իրավաբանական անձինք հանդիսացող աուդիտորական կազմակերպությունների և տվյալ անդամ պետությունում որպես անհատ ձեռնարկատերեր գրանցված անհատ աուդիտորների նկատմամբ՝ ի լրումն սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերով սահմանված պահանջների: