Հոդված 23
Հոդված 23
Աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի գործունեության սահմանափակումները
1. Աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորն իրավունք չունեն զբաղվելու սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված աուդիտորական գործունեությունից ու ծառայությունների մատուցումից բացի այլ ձեռնարկատիրական գործունեությամբ։
2. Աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորն իրավունք ունեն մատուցելու աուդիտորական գործունեության հետ կապված, հետևյալ ծառայությունները՝
ա) հաշվապահական հաշվառման կազմակերպում, հաշվապահական հաշվառման վերականգնում ու վարում, հաշվապահական (ֆինանսական) հաշվետվությունների կազմում, հաշվապահական խորհրդատվություն.
բ) հարկային խորհրդատվություն, հարկային հաշվառման կազմակերպում, հարկային հաշվառման վերականգնում ու վարում, հարկային հաշվարկների ու հայտարարագրերի կազմում.
գ) ֆինանսատնտեսական գործունեության հետ կապված կառավարչական խորհրդատվություն, այդ թվում՝ կազմակերպությունների և անդամ պետության օրենսդրությանը համապատասխան որպես անհատ ձեռնարկատեր գրանցված ֆիզիկական անձանց ֆինանսատնտեսական գործունեության վերլուծություն.
դ) տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրում և հաշվապահական հաշվառման ավտոմատացման հարցերով խորհրդատվություն.
ե) գնահատման գործունեություն.
զ) ներդրումային ծրագրերի մշակում ու վերլուծություն, բիզնես-պլանների կազմում.
է) աուդիտորական գործունեության հետ կապված բնագավառներում գիտահետազոտական և փորձարարական աշխատանքների իրականացում.
ը) ուսուցում աուդիտորական գործունեության հետ կապված բնագավառներում (հաշվապահական հաշվառում, տնտեսագիտություն, ֆինանսներ և այլն).
թ) անդամ պետության օրենսդրությամբ նախատեսված այլ ծառայություններ:
3. Սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված՝ աուդիտորական գործունեության հետ կապված ծառայությունները մատուցվում են անդամ պետությունների օրենսդրությամբ սահմանված, այդ թվում՝ այդպիսի ծառայությունների մատուցման թույլտվության հետ կապված պահանջների պահպանմամբ։
4. Աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը սույն հոդվածի 2-րդ կետով նախատեսված ծառայություններն աուդիտի ենթարկվող անձին մատուցելու և աշխատանքները կատարելու իրավունք չունեն հետևյալ դեպքերում՝
ա) այդ ծառայությունների մատուցումը և (կամ) այդ աշխատանքների կատարումը հանգեցնում են աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի անկախությանը ներկայացվող պահանջների չպահպանման կամ ստեղծում են այդ պահանջը չպահպանելու վտանգ, հանգեցնում են շահերի բախման առաջացման կամ ստեղծում են այդպիսի բախման առաջացման վտանգ.
բ) աուդիտորական կազմակերպությունը, անհատ աուդիտորը չեն կարող ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ՝ ուղղված աուդիտորական կազմակերպության, անհատ աուդիտորի անկախությանը ներկայացվող պահանջների չպահպանման վտանգի վերացմանը կամ այդ վտանգի նվազեցմանն այնքանով, որ պահպանվեն Պրոֆեսիոնալ հաշվապահների էթիկայի օրենսգրքով սահմանված՝ աուդիտորների անկախությանն ու մասնագիտական էթիկային ներկայացվող պահանջները։
5. Անդամ պետությունն իրավունք ունի իր օրենսդրության մեջ սահմանելու այնպիսի գործողությունների ցանկ, որոնք հանգեցնում են շահերի բախման առաջացման կամ ստեղծում են այդպիսի բախման առաջացման վտանգ՝ ի լրումն Պրոֆեսիոնալ հաշվապահների էթիկայի օրենսգրքով նախատեսված գործողությունների: