Հոդված 23
Հոդված 23.
Շինարարության թույլտվությունը
Շինարարության թույլտվությունը փաստաթուղթ է, որը հաստատում է կառուցապատողի իրավունքը` իրականացնել որոշակի շինարարական գործունեություն ինչպես նոր կառուցապատվող կամ վերակառուցվող տարածքում, այնպես էլ գոյություն ունեցող շենքերում և շինություններում:
Շինարարության թույլտվությունը տրվում է ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի հաստատումից հետո:
Շինարարության թույլտվությունը համայնքներում տալիս է համայնքի ղեկավարը, համայնքի վարչական սահմաններից դուրս գտնվող տարածքներում` մարզպետը, Երևան քաղաքում` թաղային համայնքի ղեկավարը` Երևանի խորհրդի սահմանած կարգով` օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Շինարարության թույլտվություն չի պահանջվում շենքերի, շինությունների ընթացիկ նորոգման, ներքին հարդարման և տարածքների բարեկարգման աշխատանքների համար, եթե դրանք չեն խոչընդոտում անշարժ գույքի նպատակային օգտագործումը կամ չեն հակասում սահմանված օգտակալություններին: