Հոդված 6
Հոդված 6.
Կառուցապատողի իրավունքները և պարտականությունները
Որպես կառուցապատող կարող են հանդես գալ քաղաքաշինական գործունեության այն սուբյեկտները, որոնք սեփականության իրավունքով իրենց պատկանող հողամասում կամ ամրակայված գույքի նկատմամբ իրականացնում են քաղաքաշինական գործունեություն (բացի շահագործումից):
Կառուցապատող կարող են հանդիսանալ նաև անշարժ գույքը փոփոխությունների ենթարկելու իրավազորությամբ օժտված այլ սուբյեկտները:
Կառուցապատողներն իրավունք ունեն`
ա) հաստատված քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համապատասխան ընտրել քաղաքաշինական գործունեության օբյեկտները, որոշել ներդրումների չափերը, պայմանագրային հիմունքներով ներգրավել օբյեկտի քաղաքաշինական փաստաթղթեր մշակողներին և շինարարություն իրականացնողներին.
բ) քաղաքաշինական փաստաթղթերում կատարել փոփոխություններ` ճարտարապետահատակագծային առաջադրանքի, տեխնիկական պայմանների, հեղինակային իրավունքի նորմերը պահպանելու պայմանով` այնպիսի աշխատանքներ իրականացնելու համար, որոնք սույն օրենքի 23 հոդվածի համաձայն, չեն պահանջում շինարարության թույլտվություն.
գ) իրենց իրավունքները սահմանված կարգով փոխանցել այլ ֆիզիկական և իրավաբանական անձանց.
դ) դատական կարգով գանգատարկել քաղաքաշինության բնագավառում իրենց իրավունքները սահմանափակող գործողությունները:
Կառուցապատողները պարտավոր են`
ա) կառուցապատումն իրականացնել հաստատված ճարտարապետաշինարարական նախագծին համապատասխան` շինարարության թույլտվության հիման վրա.
բ) մինչև շինարարություն սկսելը, ինչպես նաև շինարարության ընթացքում, համաձայնության գալ կառուցապատման հետևանքով վնասներ կրող սուբյեկտների հետ` հասցվելիք վնասների փոխհատուցման վերաբերյալ.
գ) քաղաքաշինական գործունեություն (բացառությամբ ընթացիկ նորոգման աշխատանքների) իրականացնել բացառապես հաստատված քաղաքաշինական փաստաթղթերին համապատասխան.
դ) քաղաքաշինական գործունեություն իրականացնելու համար ճարտարապետահատակագծային առաջադրանք ստանալու հայտ ներկայացնել տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման համապատասխան մարմիններին, իսկ Երևան քաղաքում` քաղաքապետին.
ե) ինժեներական սպասարկում իրականացնող ծառայություններից ստանալ քաղաքաշինական գործունեության օբյեկտի ինժեներական ենթակառուցվածքների նախագծման, կառուցման և շահագործման տեխնիկական պայմանները.
զ) ապահովել իրենց քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննությունը, շահագրգիռ կողմերի հետ դրանց համաձայնեցումը, օբյեկտների շինարարության որակի տեխնիկական ու հեղինակային հսկողությունը` սույն օրենքով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով:
Սույն հոդվածով նախատեսված պարտականությունները չեն առաջանում, եթե իրականացվող քաղաքաշինական գործունեությունը չի պահանջում շինարարության թույլտվություն` համաձայն սույն օրենքի 23 հոդվածի: