Հոդված 21
Հոդված 21.
Լիցենզավորումը քաղաքաշինության բնագավառում
Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման են ենթակա գործունեության հետևյալ ոլորտները`
ա) քաղաքաշինական փաստաթղթերի մշակում (ինժեներական հետազննում, նախագծում և փորձաքննություն).
բ) շինարարության իրականացում (շինմոնտաժային աշխատանքներ, շենքերի և շինությունների տեխնիկական հետազոտում և որակի տեխնիկական հսկողություն).
գ) միջնորդական ծառայություններ:
Քաղաքաշինական գործունեության լիցենզավորումն իրականացնում է քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմինը:
Լիցենզիա տալու կամ մերժելու մասին որոշումն ընդունվում է անհրաժեշտ փաստաթղթերի ստացման պահից 30 օրվա ընթացքում:
Լիցենզիայի մերժման մասին որոշման մեջ նշվում են մերժման հիմքերը: Լիցենզիայի մերժման հիմքերն են`
ա) ներկայացվող փաստաթղթերի անհամապատասխանությունը սույն օրենքի և լիազորված մարմնի սահմանած պահանջներին.
բ) թերի կամ ակնհայտ սխալ տեղեկություններ ներկայացնելը.
գ) տվյալ գործունեությունն իրականացնելու համար բավարար մասնագիտական որակավորման բացակայությունը:
Լիցենզիան տրվում է երեք տարի ժամկետով:
Լիցենզիա տալու համար գանձվում է պետական տուրք` օրենքով սահմանված չափով և կարգով:
Լիցենզիայի գործողությունը կասեցվում կամ դադարեցվում է օրենքով սահմանված դեպքերում և կարգով: