Անցնել բովանդակությանը
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՎ ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԽՆԱՄՔԻ ԿԱՐԻՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՅԼ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԽՆԱՄՔԻ ԵՎ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՁԵՎԵՐԸԳլուխ 18 · ԵՐԵԽԱՆԵՐԻ ՈՐԴԵԳՐՈՒՄԸ (ԴՍՏԵՐԱԳՐՈՒՄԸ)

Հոդված 118. Երեխային որդեգրելու համար ծնողների հրաժարումը կամ համաձայնությունը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 118. Երեխային որդեգրելու համար ծնողների հրաժարումը կամ համաձայնությունը

(վերնագիրը խմբ. 21.12.17 ՀՕ-10-Ն)

1. Երեխային որդեգրելու համար անհրաժեշտ է`

1) ծնողների կամ միակ ծնողի գրավոր հրաժարումը` երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից կամ

2) ծնողի գրավոր համաձայնությունը` երեխային որդեգրման տալու վերաբերյալ:

2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում երեխա որդեգրելու համաձայնություն կարող է տրվել միայն այն դեպքում, երբ երեխան ունի միայն մեկ ծնող: Ծնողի գրավոր համաձայնության դեպքում երեխան կարող է որդեգրվել միայն խորթ հոր կամ խորթ մոր կողմից: Երեխա որդեգրելու համար համաձայնությունը կարող է տրվել միայն երեխայի ծնվելուց հետո:

2.1. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում երեխայի ծնողների կամ միակ ծնողի գրավոր հրաժարումը համարվում է համաձայնություն երեխայի որդեգրման վերաբերյալ՝ գրավոր հրաժարումից առնվազն 6 ամիս անց: Որդեգրման հնարավորության մասին ծնողները կամ միակ ծնողը նախազգուշացվում են գրավոր հրաժարումը ներկայացնելու պահին:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված դեպքերում անչափահաս ծնողների երեխային որդեգրելիս անհրաժեշտ է նաև նրանց ծնողների կամ խնամակալների (հոգաբարձուների) համաձայնությունը, իսկ ծնողների կամ խնամակալի (հոգաբարձուի) բացակայության դեպքում` խնամակալության և հոգաբարձության մարմնի համաձայնությունը։

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում որդեգրման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

5. Ծնողների կամ միակ ծնողի՝ երեխայի նկատմամբ ծնողական իրավունքներից հրաժարումը կամ ծնողի՝ երեխային որդեգրման տալու վերաբերյալ գրավոր համաձայնությունն արտահայտվում է դիմումով, որը կազմվում է երեխայի գտնվելու վայրի կամ դրա անհնարինության դեպքում՝ ծնողի գտնվելու վայրի համայնքի սոցիալական աշխատողի ներկայությամբ, հաստատվում այն կազմակերպության ղեկավարի կողմից, որտեղ գտնվում է երեխան, կամ նոտարի կողմից, եթե դիմումը կազմվում է երեխայի խնամատար ընտանիքի, երեխայի խնամակալի (հոգաբարձուի) կամ ծնողների գտնվելու վայրում:

6. Դիմումների ձևերը հաստատվում է կառավարության լիազորած մարմնի իրավական ակտով:

7. Ծնողները կամ միակ ծնողը կարող են հետ վերցնել երեխային որդեգրելու համար իրենց տված գրավոր հրաժարումը կամ համաձայնությունը մինչև նրան որդեգրելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը:

(118-րդ հոդվածը փոփ. 08.07.05 ՀՕ-144-Ն, խմբ. 21.12.17 ՀՕ-10-Ն, փոփ. 21.01.20 ՀՕ-62-Ն, 04.03.20 ՀՕ-100-Ն, լրաց., փոփ., խմբ. 22.10.25 ՀՕ-363-Ն)

(22.10.25 ՀՕ-363-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։