Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-29-ից մինչև 2025-12-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 15 · ԳՐԱՎԻ ԻՐԱՎՈՒՆՔ

Հոդված 246. Գրավով ապահովված պարտավորությունը վաղաժամկետ կատարելը և գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելը

գործել է մինչև 2025-12-24Բացել ARLIS-ում

Հոդված 246. Գրավով ապահովված պարտավորությունը վաղաժամկետ կատարելը և գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելը

1. Գրավառուն իրավունք ունի պահանջել վաղաժամկետ կատարելու գրավով ապահովված պարտավորությունը, եթե`

1) գրավատուի մոտ թողնված գրավի առարկան պայմանագրի պայմանների խախտմամբ դուրս է եկել նրա տիրապետությունից.

2) գրավատուն խախտել է գրավի առարկան փոխարինելու կանոնները (հոդված 240).

3) գրավի առարկան կորել է այնպիսի հանգամանքներում, որոնց համար գրավառուն պատասխանատու չէ, իսկ գրավատուն չի օգտվել սույն օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ կետով նախատեսված իրավունքից:

2. Գրավառուն իրավունք ունի պահանջել վաղաժամկետ կատարելու գրավով ապահովված պարտավորությունը, իսկ այդ պահանջը չբավարարվելու դեպքում` բռնագանձում տարածելու գրավի առարկայի վրա, եթե`

1) դա նախատեսված է օրենքով.

2) գրավատուն չի կատարել սույն օրենսգրքի 237 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված պարտականությունները.

3) գրավատուն խախտել է գրավ դրված գույքի օգտագործման և տնօրինման կանոնները (238 հոդվածի 1-ին և 2-րդ կետեր):

(246-րդ հոդվածը խմբ. 17.06.16 ՀՕ-110-Ն)

&#9878Հոդված 247. Գրավը դադարելը

1. Գրավը դադարում է`

1) գրավով ապահովված պարտավորությունը դադարելով, բացառությամբ ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-374-Ն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերի.

2) գրավատուի պահանջով` սույն օրենսգրքի 237 հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմքերով.

3) գրավ դրված գույքի ոչնչացման կամ գրավ դրված իրավունքը դադարելու դեպքում, եթե գրավատուն չի օգտվել սույն օրենսգրքի 240 հոդվածի 2-րդ կետով նախատեսված իրավունքից.

4) գրավ դրված գույքը օրենքով սահմանված կարգով իրացվելու (վաճառվելու) դեպքում, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

2. Գրավով ապահովված պարտավորության կատարման հետևանքով կամ գրավատուի պահանջով (237 հոդվածի 3-րդ կետ) գրավը դադարելու դեպքում գրավառուն, որի մոտ գտնվել է գրավ դրված գույքը, պարտավոր է այն անհապաղ վերադարձնել գրավատուին:

(247-րդ հոդվածը փոփ. 04.10.05 ՀՕ-188-Ն, 15.12.05 ՀՕ-238-Ն, փոփ., լրաց. 12.12.19 ՀՕ-297-Ն, լրաց. 18.04.25 ՀՕ-83-Ն)

(247-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը 18.04.25 ՀՕ-83-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխության մասով ուժը կորցնում է «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2023 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-374-Ն օրենքի 3-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված դեպքերով գրավառուների՝ գրավի իրավունքների իրացումից հետո` համաձայն 18.04.25 ՀՕ-83-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասի)

&#9878Հոդված 248. Գրավ դրված գույքի վրա բռնագանձում տարածելու հիմքերը

Գրավառուի (պարտատիրոջ) պահանջները բավարարելու համար գրավ դրված գույքի վրա կարող է բռնագանձում տարածվել պարտապանի կողմից գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու այնպիսի հանգամանքներում, որոնց համար վերջինս պատասխանատվություն է կրում:

&#9878Հոդված 249. Գրավ դրված գույքի վրա առանց դատարան դիմելու բռնագանձում տարածելու կարգը

1. Գրավառուն իր պահանջի բավարարման նպատակով իրավունք ունի առանց դատարան դիմելու գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու և իրացնելու այն, այդ թվում՝ գրավ դրված գույքը հիմնական պարտավորության համապատասխան չափի դիմաց գրավառուին կամ գրավառուի նշած երրորդ անձին ի սեփականություն հանձնելու, եթե`

1) դա նախատեսված է գրավի պայմանագրով, կամ`

2) առկա է գրավառուի և գրավատուի միջև կնքված գրավոր համաձայնություն, իսկ եթե գրավի պայմանագիր կնքելու համար պահանջվել է երրորդ անձի համաձայնություն կամ թույլտվություն, ապա նաև վերջինիս գրավոր համաձայնությունը` առանց դատարանի վճռի գրավ դրված գույքի իրացման մասին:

1.1. Այն դեպքում, երբ գույքը հանդիսանում է հաջորդող գրավի առարկա, ի լրումն սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պայմանների, նոր գրավառուն իրավասու է բռնագանձելու և իրացնելու գրավի առարկան՝ բացառապես սույն օրենսգրքի 236-րդ հոդվածով սահմանված կարգով:

2. Գրավով ապահովված պարտավորությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում գրավառուն գրավոր՝ պատշաճ ձևով ծանուցում է գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են) առանց դատարան դիմելու գրավի առարկայի բռնագանձման մասին (բռնագանձման ծանուցում): Գրավատուն (պարտապանը) իրավունք ունի դատական կարգով վիճարկելու սույն հոդվածի համաձայն գրավի առարկայի բռնագանձման օրինականությունը, որի պարագայում դատարանը կարող է կասեցնել գրավի առարկայի բռնագանձման ընթացքը: Եթե գրավի առարկայի բռնագանձման ընթացքը կասեցնելու որոշումից հետո դատարանը որոշում է կայացրել գրավառուի հնարավոր վնասների հատուցման համար պահանջվող ապահովումը տրամադրելու վերաբերյալ, ապա գրավատուի (պարտապանի) կողմից գրավառուի հնարավոր վնասները հատուցելու համար տրամադրվող ապահովումը պետք է համարժեք լինի գրավառուի հնարավոր վնասների արժեքին, բայց չպետք է գերազանցի գրավի առարկայի արժեքը: Այն դեպքում, երբ գրավի իրավունքը ենթակա է գրանցման (այդ թվում՝ պետական գրանցման), գրավառուն մինչև գրավի բռնագանձման գործընթացն սկսելը, ինչպես նաև գրավի բռնագանձման գործընթացը դադարեցնելու կամ ավարտվելու դեպքում պարտավոր է այդ մասին պատշաճ ձևով ծանուցել նաև գրանցում իրականացնող մարմնին:

Բռնագանձման ծանուցումը գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են), իսկ կիրառության դեպքում՝ նաև գրանցում իրականացնող մարմնին պատշաճ ձևով հանձնելուց հետո գրավառուն իրավունք ունի գրավի առարկան վերցնելու իր տիրապետման տակ (եթե շարժական գույք է), ինչպես նաև խելամիտ քայլեր ձեռնարկելու գրավի առարկան պահպանելու, սպասարկելու և դրա անվտանգությունն ապահովելու համար:

Բռնագանձման ծանուցումը գրավատուին և պարտապանին (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են), իսկ կիրառության դեպքում՝ նաև գրանցում իրականացնող մարմնին հանձնելուց երկու ամիս հետո գրավառուն սույն օրենսգրքի ուժով իրավունք ունի սույն օրենսգրքի 195 հոդվածի պահպանմամբ գրավատուի անունից իրացնելու գրավի առարկան ուղղակի վաճառքի կամ հրապարակային սակարկությունների միջոցով, եթե գրավատուն և գրավառուն գրավի առարկայի իրացման այլ կարգ չեն նախատեսել: Գրավառուն կարող է իրացնել գրավի առարկան մինչև սույն պարբերությամբ նախատեսված երկու ամիսը լրանալը, եթե պարտապանը և գրավատուն (եթե գրավատուն և պարտապանը տարբեր սուբյեկտներ են) բռնագանձման ծանուցումն ստանալուց հետո սույն օրենսգրքի 20.1-ին գլխով սահմանված կարգով գրավոր համաձայնություն են տվել գրավի առարկայի բռնագանձման վերաբերյալ: Մինչև բռնագանձման ծանուցում ստանալը գրավի առարկայի բռնագանձման վերաբերյալ տրված համաձայնությունն առ ոչինչ է: Գրավառուն պարտավոր է գրավի առարկան իրացնել տվյալ պահին շուկայում գործող ողջամիտ գնով:

3. Սույն հոդվածով սահմանված պատշաճ ծանուցում կամ բռնագանձման մասին ծանուցումը գրավատուին կամ պարտապանին պատշաճ կարգով հանձնված է համարվում, եթե ծանուցումը կատարվել է սույն օրենսգրքի 20.1 գլխով սահմանված կարգով:

4. Ֆինանսական գործարքների դեպքում գրավի բռնագանձման առանձնահատկությունները սահմանվում են 252.1-ին հոդվածով:

5. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում գումարի բռնագանձման պահանջով կարգադրություն արձակելու վերաբերյալ դիմումով ներկայացված շարժական գույք հանդիսացող գրավի առարկայի վրա բռնագանձում տարածելու պահանջների դեպքում գրավի առարկայի վրա բռնագանձումը տարածվում է նոտարի արձակած կարգադրության ուժով։

(249-րդ հոդվածը խմբ. 31.03.03 ՀՕ-521-Ն, 04.10.05 ՀՕ-188-Ն, լրաց., փոփ. 17.06.16 ՀՕ-110-Ն, լրաց. 27.10.16 ՀՕ-190-Ն, 14.12.17 ՀՕ-319-Ն, խմբ. 13.11.19 ՀՕ-214-Ն, լրաց. 26.06.23 ՀՕ-228-Ն)

(հոդվածի 19.07.16 ՍԴՈ-1294 որոշմամբ ճանաչված Սահմանադրությանը հակասող դրույթը համապատասխանեցվել է Սահմանադրությանը 13.11.2019 ՀՕ-214-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությամբ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։