Հոդված 70. Պարտատերերի պահանջները բավարարելը
Հոդված 70. Պարտատերերի պահանջները բավարարելը
1. Իրավաբանական անձի լուծարման դեպքում նրա պարտատերերի պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ`
առաջին հերթին բավարարվում են լուծարվող իրավաբանական անձի գույքի գրավով ապահովված պարտավորություններով պարտատերերի պահանջները.
երկրորդ հերթին բավարարվում են այն քաղաքացիների պահանջները, որոնց առջև լուծարվող իրավաբանական անձը պատասխանատվություն է կրում նրանց կյանքին կամ առողջությանը վնաս պատճառելու համար` համապատասխան պարբերական վճարումների կապիտալացման միջոցով.
երրորդ հերթին վճարվում է աշխատանքային պայմանագրով աշխատող անձանց արձակման նպաստների, աշխատավարձի և հեղինակային պայմանագրերով վարձատրությունը.
չորրորդ հերթին մարվում է բյուջե, շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին կատարվող պարտադիր վճարների պարտքը.
հինգերորդ հերթին հաշվարկներ են կատարվում մնացած պարտատերերի հետ` բացառությամբ ստորադաս փոխառություններով պարտատերերի.
վեցերորդ հերթին հաշվարկներ են կատարվում ստորադաս փոխառություններով պարտատերերի հետ:
Յուրաքանչյուր հերթի պահանջները բավարարվում են նախորդ հերթի պահանջները լրիվ բավարարվելուց հետո:
2. Լուծարման հանձնաժողովի կողմից պարտատիրոջ պահանջների բավարարումը մերժելու կամ դրանք քննարկելուց խուսափելու դեպքում մինչև իրավաբանական անձի լուծարման հաշվեկշռի հաստատումը պարտատերն իրավունք ունի հայց հարուցել ընդդեմ լուծարման հանձնաժողովի:
3. Լուծարման հանձնաժողովի կողմից պահանջներ ներկայացնելու համար սահմանված ժամկետի ավարտից հետո պարտատիրոջ ներկայացրած պահանջները բավարարվում են լուծարված իրավաբանական անձի գույքից, որը մնացել է պարտատերերի` ժամանակին ներկայացված պահանջները բավարարելուց հետո:
4. Լուծարման հանձնաժողովի կողմից մերժված պարտատերերի պահանջները, եթե պարտատերը հայցով չի դիմել դատարան, ինչպես նաև դատարանի վճռով մերժված պահանջները համարվում են մարված:
(70-րդ հոդվածը խմբ., լրաց. 28.02.11 ՀՕ-55-Ն, լրաց. 16.07.20 ՀՕ-400-Ն)
⚖Հոդված 71. Իրավաբանական անձի սնանկությունը
Իրավաբանական անձը դատարանի վճռով կարող է սնանկ ճանաչվել, եթե նա ի վիճակի չէ բավարարել պարտատերերի պահանջները:
Իրավաբանական անձին դատարանով սնանկ ճանաչելու հիմքերը, կարգը, ինչպես նաև սնանկ ճանաչված իրավաբանական անձի պարտատերերի պահանջների բավարարման առանձնահատկությունները սահմանվում են օրենքով:
(71-րդ հոդվածը փոփ. 03.04.01 ՀՕ-163, 25.12.06 ՀՕ-54-Ն)
§ 2. ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ