Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-29-ից մինչև 2025-12-24։Բացել գործող տեքստը
Գլուխ 28 · ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

Հոդված 443. Պայմանագրի ընդհանուր պայմանները

գործել է մինչև 2025-12-24Բացել ARLIS-ում

Հոդված 443. Պայմանագրի ընդհանուր պայմանները

(վերնագիրը խմբ. 24.05.23 ՀՕ-184-Ն)

1. Պայմանագրով կարող է նախատեսվել, որ դրա առանձին պայմանները որոշվում են համապատասխան տեսակի պայմանագրերի կամ տվյալ պայմանագրի համար մշակված և կողմերին հասանելի եղանակով, այդ թվում՝ էլեկտրոնային հարթակներում հրապարակված կամ կողմերին այլ կերպ հասանելի դարձած ընդհանուր պայմաններով:

2. Պայմանագրի ընդհանուր պայմանները համարվում են պայմանագրի անբաժանելի մասը և կիրառվում են կողմերի միջև ծագած իրավահարաբերությունների նկատմամբ, եթե պայմանագիրը կնքելիս ապահովվում է այն կնքող անձի կողմից դրա ընդհանուր պայմաններին մատչելի եղանակով և ամբողջապես ծանոթանալու և դրանց կապակցությամբ համաձայնություն տալու հնարավորությունը:

3. Էլեկտրոնային եղանակով պայմանագրի կնքման դեպքում, ի լրումն սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանների, պետք է ապահովվի պայմանագիր կնքած անձի կողմից պայմանագրի ընդհանուր պայմաններին համաձայնություն տալը՝ դրան ուղղված հստակ գործողություն իրականացնելով։

4. Այն դեպքերում, երբ պայմանագրում առկա չէ հղում դրա ընդհանուր պայմաններին, ապա նման պայմանները ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կողմերի հարաբերությունների նկատմամբ կիրառվում են որպես գործարար շրջանառության սովորույթներ, եթե դրանք համապատասխանում են սույն օրենսգրքի 7-րդ հոդվածով և 437-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջներին։

5. Սույն հոդվածով սահմանված կանոնները կիրառվում են պայմանագրի առանձին տեսակների նկատմամբ, եթե այլ բան սահմանված չէ պայմանագրի այդ տեսակների նկատմամբ սույն օրենսգրքի կանոններով:

6. Օրենքով և այլ նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել պայմանագրի ընդհանուր պայմանների վավերականության ավելի խիստ պահանջներ:

(443-րդ հոդվածը խմբ. 24.05.23 ՀՕ-184-Ն)

&#9878Հոդված 444. Միանալու պայմանագիր

1. Միանալու է համարվում այն պայմանագիրը, որի պայմանները կողմերից մեկը սահմանել է ստանդարտ ձևերով, իսկ մյուս կողմը դրանք կարող է ընդունել առաջարկվող պայմանագրին ամբողջությամբ միանալով: Պայմանագիրը համարվում է միանալու նաև այն դեպքում, երբ պայմանագրին միացող կողմը թեկուզև մասնակցել է պայմանագրի որևէ պայմանի որոշմանը, սակայն պայմանագրի կամ դրա որևէ պայմանի բովանդակությունից կամ էությունից բխում է, որ պայմանագիրը սահմանվել է ստանդարտ ձևերով, և որոշված պայմանը չի փոխում դրա՝ որպես միանալու պայմանագրի էությունը:

2. Պայմանագրին միացած կողմն իրավունք ունի պահանջել լուծելու կամ փոփոխելու պայմանագիրը, եթե միանալու պայմանագիրը թեկուզև չի հակասում օրենքին և այլ իրավական ակտերին, սակայն այդ կողմին զրկում է նման տեսակի պայմանագրերով սովորաբար տրամադրվող իրավունքներից, բացառում կամ սահմանափակում է մյուս կողմի պատասխանատվությունը պարտավորությունները խախտելու համար կամ պարունակում է միացած կողմի համար այլ ակնհայտ ծանր պայմաններ, որոնք նա, ելնելով ողջամտորեն գիտակցված իր շահերից, չէր ընդունի, եթե հնարավորություն ունենար մասնակցել պայմանագրի պայմանների որոշմանը:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նախատեսված հանգամանքների առկայության դեպքում պայմանագիրը լուծելու կամ փոփոխելու մասին պայմանագրին միացած կողմի ներկայացրած պահանջը, կապված նրա ձեռնարկատիրական գործունեության իրականացման հետ, ենթակա չէ բավարարման, եթե միացած կողմը գիտեր կամ պետք է իմանար, թե ինչ պայմաններով է կնքում պայմանագիրը:

(444-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.05.23 ՀՕ-184-Ն)

&#9878Հոդված 445. Նախնական պայմանագիր

1. Նախնական պայմանագրով կողմերը պարտավորվում են ապագայում կնքել գույք հանձնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու մասին պայմանագիր (հիմնական պայմանագիր)` նախնական պայմանագրով նախատեսված պայմաններով:

2. Նախնական պայմանագիրը կնքվում է հիմնական պայմանագրի համար սահմանված ձևով, իսկ եթե հիմնական պայմանագրի ձևը սահմանված չէ, ապա` գրավոր: Նախնական պայմանագրի ձևի մասին կանոնները չպահպանելն այն դարձնում է առոչինչ:

3. Նախնական պայմանագիրը պետք է պարունակի պայմաններ, որոնք թույլ են տալիս սահմանել հիմնական պայմանագրի առարկան, ինչպես նաև մյուս էական պայմանները:

4. Նախնական պայմանագրում նշվում է այն ժամկետը, որի ընթացքում կողմերը պարտավորվում են կնքել հիմնական պայմանագիր: Եթե նախնական պայմանագրում նման ժամկետ որոշված չէ, ապա հիմնական պայմանագիրը պետք է կնքվի նախնական պայմանագիրը կնքելու պահից` մեկ տարվա ընթացքում:

5. Այն դեպքերում, երբ նախնական պայմանագիր կնքած կողմը խուսափում է հիմնական պայմանագիր կնքելուց, կիրառվում են սույն օրենսգրքի 461 հոդվածով սահմանված կանոնները:

6. Նախնական պայմանագրով նախատեսված պարտավորությունները դադարում են, եթե մինչև այն ժամկետի ավարտը, որում կողմերը պետք է կնքեին հիմնական պայմանագիրը, այն չի կնքվում, կամ կողմերից մեկը մյուսին առաջարկ չի ներկայացնում այդ պայմանագիրը կնքելու մասին:

7. Մտադրությունների մասին համաձայնությունը (մտադրությունների մասին արձանագրությունը և այլն), եթե դրանում ուղղակիորեն չի արտահայտված դրան նախնական պայմանագրի ուժ տալու մասին կողմերի կամքը, չի հանգեցնում քաղաքացիական իրավական հետևանքների:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։