Հոդված 1131. Հեղինակային իրավունքի գործողության ժամկետը
Հոդված 1131. Հեղինակային իրավունքի գործողության ժամկետը
1. Հեղինակի գույքային իրավունքը գործում է հեղինակի կյանքի ընթացքում և նրա մահից հետո հեղինակի մահվանը հաջորդող տարվա հունվարի 1-ից հաշված` 50 տարվա ընթացքում:
2. Համահեղինակությամբ ստեղծված ստեղծագործության նկատմամբ հեղինակի գույքային իրավունքը գործում է համահեղինակների կյանքի ընթացքում և մյուս համահեղինակներից ավել ապրած հեղինակի մահվանը հաջորդող տարվա հունվարի 1-ից հաշված` 50 տարվա ընթացքում:
3. Առաջին անգամ կեղծանվամբ կամ անանուն լույս ընծայված ստեղծագործության նկատմամբ հեղինակի գույքային իրավունքը գործում է ստեղծագործության լույս ընծայմանը հաջորդող տարվա հունվարի 1-ից հաշված` 50 տարվա ընթացքում:
Եթե նշված ժամկետում կեղծանուն կամ անանուն լույս ընծայված ստեղծագործության հեղինակը բացահայտվում է, ապա կիրառվում են սույն հոդվածի 1-ին կետում նշված ժամկետները:
4. Սույն հոդվածի 1-3-րդ կետերում նշված ժամկետների ընթացքում հեղինակի գույքային իրավունքը պատկանում է հեղինակի ժառանգներին և անցնում է ժառանգաբար: Այդ նույն ժամկետների ընթացքում հեղինակի գույքային իրավունքը պատկանում է այն իրավահաջորդներին, որոնք այդ իրավունքն ստացել են հեղինակի, նրա ժառանգների և հետագա իրավահաջորդների հետ կնքած պայմանագրով:
5. Հեղինակի մահվանից հետո` 50 տարվա ընթացքում, առաջին անգամ լույս ընծայված ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքը գործում է դրա լույս ընծայմանը հաջորդող տարվա հունվարի 1-ից հաշված` 50 տարվա ընթացքում:
6. Հեղինակության իրավունքը, հեղինակի անունը և ստեղծագործության անձեռնմխելիությունը պահպանվում են անժամկետ:
(1131-րդ հոդվածը փոփ. 07.02.00 ՀՕ-29)