Հոդված 225. Բնակելի տարածության օգտագործման իրավունքը
Հոդված 225. Բնակելի տարածության օգտագործման իրավունքը
1. Բնակելի տարածության սեփականատիրոջ ընտանիքի անդամները և այլ անձինք բնակելի տարածությունն օգտագործելու իրավունք ունեն, եթե այդ իրավունքը գրանցված է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով:
2. Բնակելի տարածության օգտագործման իրավունքի ծագումը, իրականացման պայմանները և դրա դադարումը սահմանվում են սեփականատիրոջ հետ նոտարական կարգով վավերացված գրավոր համաձայնությամբ:
Բնակելի տարածության օգտագործման իրավունքը դադարելու վերաբերյալ համաձայնության բացակայության դեպքում այդ իրավունքը կարող է սեփականատիրոջ պահանջով դադարեցվել դատական կարգով` սեփականատիրոջ կողմից շուկայական գնով փոխհատուցելու միջոցով:
3. Բնակելի տարածության օգտագործման իրավունքը չի կարող լինել առուվաճառքի, գրավի և վարձակալության ինքնուրույն առարկա:
4. Բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձը ցանկացած անձից` ներառյալ սեփականատիրոջից, կարող է պահանջել վերացնելու բնակելի տարածության նկատմամբ իր իրավունքի խախտումները:
5. Բնակելի շենքի կամ բնակարանի նկատմամբ սեփականության իրավունքն այլ անձի փոխանցելը հիմք չէ բնակելի տարածության օգտագործման իրավունքի դադարման համար, բացառությամբ այն դեպքի, երբ բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող անձը մինչև սեփականության իրավունքը փոխանցելը նոտարական կարգով վավերացված պարտավորություն է ստանձնել այդ իրավունքից հրաժարվելու մասին: