Հոդված 20. Կացության կարգավիճակ ստանալու դիմումի մերժման բողոքարկումը
Հոդված 20. Կացության կարգավիճակ ստանալու դիմումի մերժման բողոքարկումը
1. Կացության կարգավիճակ ստանալու կամ երկարաձգելու համար ներկայացված դիմումի մերժումը օտարերկրացին կարող է բողոքարկել դատական կարգով:
2. Եթե մինչև դատարանի կողմից գործի քննությունը կամ դատարանի կողմից կայացված որոշման ուժի մեջ մտնելը սպառվում է օտարերկրացու մուտքի վիզայի կամ կացության կարգավիճակի վավերականության ժամկետը, ապա միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմինը նրան տալիս է Հայաստանի Հանրապետությունում ժամանակավոր մնալու թույլտվություն՝ մինչև դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը:
3. Եթե կացության կարգավիճակ ստանալը կամ երկարաձգելը մերժելու մասին որոշումը դատարանը թողնում է ուժի մեջ, ապա օտարերկրացին պարտավոր է դատարանի որոշումն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 10-օրյա ժամկետում, կամավոր հեռանալ Հայաստանի Հանրապետության տարածքից:
4. Կացության կարգավիճակ տալը մերժելու դեպքում օտարերկրացին մեկ տարի հետո կրկին կարող է դիմել կացության կարգավիճակ ստանալու համար, ինչի մասին նշում է կատարվում մերժման մասին որոշման մեջ:
Ուսման նպատակով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալու համար Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից կարող է սահմանվել դիմելու ավելի կարճ ժամկետ:
(20-րդ հոդվածը լրաց. 02.02.10 ՀՕ-4-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-152-Ն, 16.12.22 ՀՕ-471-Ն)
(16.12.22 ՀՕ-471-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(հոդվածը 20.01.26 ՀՕ-11-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից)
(20.01.26 ՀՕ-11-Ն օրենքն ունի անցումային դրույթ)