Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-10-13-ից մինչև 2026-05-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հասկացությունները

գործել է մինչև 2026-05-09Բացել ARLIS-ում

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հասկացությունները.

անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ (այսուհետ՝ անձնագիր)` միջազգայնորեն ճանաչված` անձը հաստատող ճամփորդական փաստաթուղթ, որը տրված է օտարերկրյա պետության կամ միջազգային կազմակերպության կողմից և իրավունք է տալիս հատելու պետական սահմանը.

արտոնագիր կամ մուտքի վիզա (այսուհետ` մուտքի վիզա)` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս մուտք գործելու Հայաստանի Հանրապետություն, տարանցիկ երթևեկելու Հայաստանի Հանրապետության տարածքով, գտնվելու Հայաստանի Հանրապետությունում և դուրս գալու Հայաստանի Հանրապետությունից` դրանում նշված նպատակներով, պայմաններով և ժամկետներում.

ժամանակավոր կացության կարգավիճակ` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս բնակվելու Հայաստանի Հանրապետության տարածքում որոշակի ժամկետով.

մշտական կացության կարգավիճակ` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս մշտապես բնակվելու Հայաստանի Հանրապետության տարածքում.

հատուկ կացության կարգավիճակ` Հայաստանի Հանրապետության վարչապետի թույլտվություն, որն օտարերկրացուն իրավունք է տալիս բնակվելու Հայաստանի Հանրապետության տարածքում՝ այդ կարգավիճակը հավաստող փաստաթղթի վավերականության ժամկետներում.

աշխատանքի թույլտվություն՝ միասնական էլեկտրոնային հարթակում միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի կողմից մուտքագրվող էլեկտրոնային հաստատում, որը թույլ է տալիս օտարերկրացուն ձեռք բերել ժամանակավոր կացության կարգավիճակ և աշխատել Հայաստանի Հանրապետությունում.

ծագման պետություն` պետություն, որի քաղաքացին է համարվում այն անձը կամ այն պետությունը, որում բնակվում է քաղաքացիություն չունեցող անձը կամ այն անձը, որի քաղաքացիությունը հնարավոր չէ հաստատել.

հրավեր կամ միջնորդագիր (այսուհետ՝ հրավեր)` փաստաթուղթ, որը հիմնավորում է օտարերկրացու մուտքը և գտնվելը Հայաստանի Հանրապետության տարածքում՝ դրանում նշված նպատակներով և ժամկետներով.

արտաքսում՝ սույն օրենքով նախատեսված դեպքերում իրավասու պետական մարմնի կողմից օտարերկրացու հարկադիր հեռացումը Հայաստանի Հանրապետությունից.

կոլեկտիվ արտաքսում` առնվազն երկու օտարերկրացիներից բաղկացած խմբի արտաքսումը` առանց խմբի յուրաքանչյուր անդամի անձնական տվյալները և առանձնահատուկ վիճակը հաշվի առնող օբյեկտիվ և ողջամիտ քննարկման հիման վրա ընդունված որոշման.

փոխադրող` ցամաքային և օդային տրանսպորտով միջազգային ուղևորափոխադրում իրականացնող կազմակերպություն.

ուղեկցող` մշակութային, մարզական, երիտասարդական միջոցառումներին մասնակցելու կամ խմբակային զբոսաշրջության նպատակով Հայաստանի Հանրապետություն ժամանող մինչև 18 տարեկան օտարերկրացիների խմբի ղեկավար.

ընդունող կազմակերպություն` Հայաստանի Հանրապետության պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման մարմին, Հայաստանի Հանրապետությունում գրանցված իրավաբանական անձ, որը կազմակերպում է մինչև 18 տարեկան օտարերկրացիների մասնակցությամբ մշակութային, մարզական, երիտասարդական միջոցառումներ կամ զբոսաշրջային տուրեր.

միասնական էլեկտրոնային հարթակ՝ սույն օրենքի 22.1-ին հոդվածով նախատեսված էլեկտրոնային հարթակ, որի կիրառմամբ տրամադրվում է աշխատանքի թույլտվություն, դրա միջոցով մուտքագրվում կամ վերբեռնվում են աշխատանքի թույլտվություն ստացող և աշխատանքի թույլտվությունից ազատված օտարերկրացի աշխատողների վերաբերյալ սույն օրենքով և Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով տեղեկություններ, ինչպես նաև իրականացվում է պետական մարմինների, գործատուների և օտարերկրացիների միջև հաղորդակցությունը:

(3-րդ հոդվածը փոփ. 18.05.15 ՀՕ-51-Ն, 23.03.18 ՀՕ-152-Ն, խմբ. 24.10.19 ՀՕ-204-Ն, խմբ., լրաց. 27.05.21 ՀՕ-267-Ն)

(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(հոդվածը 20.01.26 ՀՕ-11-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից)

(20.01.26 ՀՕ-11-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։