Հոդված 21. Կացության կարգավիճակ տալու վերաբերյալ որոշումն ուժը կորցրած ճանաչելու, կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու հիմքերը, կացության կարգավիճակից զրկելու հետևանքները և կացության կարգավիճակից զրկելու բողոքարկումը
Հոդված 21. Կացության կարգավիճակ տալու վերաբերյալ որոշումն ուժը կորցրած ճանաչելու, կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու հիմքերը, կացության կարգավիճակից զրկելու հետևանքները և կացության կարգավիճակից զրկելու բողոքարկումը
1. Օտարերկրացուն տրված կացության կարգավիճակն անվավեր է ճանաչվում, և օտարերկրացին զրկվում է կացության կարգավիճակից, եթե`
ա) պարզվել է, որ կացության կարգավիճակ ստանալիս նա ներկայացրել է իր մասին կեղծ տեղեկություններ, կամ գոյություն ունեն տվյալներ այն մասին, որ նրա գտնվելը Հայաստանի Հանրապետությունում ունի այլ նպատակ, քան հայտարարվածը.
բ) լուծվել կամ անվավեր է ճանաչվել Հայաստանի Հանրապետության քաղաքացու կամ Հայաստանի Հանրապետությունում կացության կարգավիճակ ունեցող օտարերկրացու հետ ամուսնությունը, որը հիմք է հանդիսացել օտարերկրացուն կացության կարգավիճակ տալու համար, բացառությամբ սույն օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասում նշված դեպքի.
գ) մշտական կացության կարգավիճակ ունենալու դեպքում առանց միգրացիայի և քաղաքացիության բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնին իր մեկնելու մտադրության մասին ծանուցելու 6 ամսից ավելի բացակայել է Հայաստանի Հանրապետությունից կամ մշտապես մեկնել է Հայաստանի Հանրապետությունից.
դ) Հայաստանի Հանրապետությունում նրա գտնվելը սպառնում է Հայաստանի Հանրապետության պետական անվտանգությանը կամ հասարակական կարգին.
ե) եթե մինչև ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի ավարտը օտարերկրացու հետ լուծվել է աշխատանքային (ծառայությունների մատուցման) պայմանագիրը, և նա չի կնքել նոր պայմանագիր.
զ) մինչև ժամանակավոր կացության կարգավիճակի ժամկետի ավարտը օտարերկրացու հետ լուծվել է օրենքով սահմանված կարգով կնքված կամավոր աշխատանքի մասին պայմանագիրը, և նոր կամավոր աշխատանքի մասին պայմանագիր չի կնքվել:
Սույն մասով նախատեսված հիմքերով մերժվում է օտարերկրացու կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը:
2. Կացության կարգավիճակն անվավեր ճանաչելու, ինչպես նաև կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշման մեջ նշվում են նաև Հայաստանի Հանրապետության տարածքից օտարերկրացու կամավոր հեռանալու ժամկետները մինչև Հայաստանի Հանրապետության տարածքից հեռանալը նրա բնակվելու վայրը, ինչպես նաև առանց թույլտվության այդ բնակության վայրը թողնելու արգելքը:
3. Կացության կարգավիճակից զրկված օտարերկրացին, ինչպես նաև այն օտարերկրացին, որի կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշում է կայացվել, պարտավոր է կացության կարգավիճակից զրկելու կամ կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշման մեջ նշված ժամկետում հեռանալ Հայաստանի Հանրապետությունից, եթե կացության կարգավիճակից զրկելու կամ կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու մասին որոշումը ստանալուց հետո` հնգօրյա ժամկետում, որոշումը չի բողոքարկել դատական կարգով:
4. Կացության կարգավիճակից զրկված, ինչպես նաև այն օտարերկրացու վերաբերյալ տվյալները, որի նկատմամբ կացության կարգավիճակը երկարաձգելու վերաբերյալ դիմումը մերժելու որոշում է կայացվել, մտցվում են սույն օրենքի 8-րդ հոդվածի 6-րդ մասում նշված տվյալների բանկ:
5. Սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «զ.1» կետերի հիմքերով տրամադրված ժամանակավոր կացության կարգավիճակն անվավեր է ճանաչվում միգրացիայի բնագավառում լիազորված պետական մարմնի որոշման հիման վրա:
(21-րդ հոդվածը խմբ. 08.12.11 ՀՕ-355-Ն, լրաց. 27.05.21 ՀՕ-267-Ն, փոփ. 16.12.22 ՀՕ-471-Ն, փոփ., լրաց. 14.06.23 ՀՕ-213-Ն)
(27.05.21 ՀՕ-267-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(16.12.22 ՀՕ-471-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(հոդվածը 20.01.26 ՀՕ-11-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի նոյեմբերի 1-ից)
(20.01.26 ՀՕ-11-Ն օրենքն ունի անցումային դրույթ)