Հոդված 113. Ապահովագրական գաղտնիքի տրամադրումը դատարանին
Հոդված 113. Ապահովագրական գաղտնիքի տրամադրումը դատարանին
1. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը քաղաքացիական և քրեական գործերի կողմ հանդիսացող իր հաճախորդների և Բյուրոն՝ իր անդամների հաճախորդների վերաբերյալ ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները սույն օրենքին համապատասխան տրամադրում են միայն դատարանի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության կամ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված որոշման հիման վրա:
2. Ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը և Բյուրոն պարտավոր են դատարանի որոշումը, վճիռը կամ դատավճիռն ստանալու պահից` երկու աշխատանքային օրվա ընթացքում, դատարանին կամ դատարանի լիազորած անձին տրամադրել տվյալ որոշմամբ, վճռով կամ դատավճռով պահանջվող տեղեկությունները և փաստաթղթերը՝ փակ և փակվող մասում գործադիր մարմնի ղեկավարի կամ նրան փոխարինող անձի կողմից ստորագրված ծրարում: Այդ ընթացքում ապահովագրողը, վերաապահովագրողը, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձը և Բյուրոն ձեռնարկում են անհրաժեշտ միջոցներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշումը կամ վճիռն ստանալու և ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները տրամադրելու բանկի պարտավորության մասին իր հաճախորդին տեղեկացնելու համար:
Ապահովագրողին, վերաապահովագրողին, ապահովագրական միջնորդություն իրականացնող անձին արգելվում է իր հաճախորդներին և Բյուրոյին՝ իր անդամների հաճախորդներին, տեղեկացնել Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով ընդունված դատարանի որոշման կամ դատավճռի ստացման և նրա մասին ապահովագրական գաղտնիք կազմող տեղեկությունները դատարանի կամ դատարանի լիազորած անձին տրամադրելու փաստի վերաբերյալ:
(113-րդ հոդվածը լրաց. 18.05.10 ՀՕ-64-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-69-Ն)