Հոդված 152. Գործին մասնակցող անձանց միջնորդությունների լուծումը դատարանի կողմից
Հոդված 152. Գործին մասնակցող անձանց միջնորդությունների լուծումը դատարանի կողմից
1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով դատարանը լուծում է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց դիրքորոշումը լսելուց հետո, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
2. Դատական նիստից դուրս ներկայացված միջնորդությունն ստորագրում է այն ներկայացնող գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած միջնորդությանը կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե այն գործում բացակայում է:
3. Դատական նիստից դուրս միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է միջնորդությանը կցել տվյալ միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ կամ միջնորդության մեջ ներկայացնել այդ փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի և այն միջնորդությունների, որոնց միջոցով գործին մասնակցող անձն իրականացնում է իր իրավունքները, և որոնք չեն ազդում գործին մասնակցող այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա:
4. Դատական նիստում գրավոր միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց տրամադրել միջնորդության և դրան կից փաստաթղթերի պատճենները:
5. Սույն օրենսգրքի 2-4-րդ մասերի պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված միջնորդությունը չի քննարկվում:
6. Նույն հիմքով միջնորդություն կրկին ներկայացնելն արգելվում է: Նախկինում մերժված միջնորդությունը նույն հիմքով ներկայացվելու դեպքում չի քննարկվում։
7. Միջնորդությունը քննարկելու արդյունքով դատարանը կայացնում է որոշում:
8. Գործին մասնակցող անձի միջնորդությունը կարող է մերժվել, եթե այն ներկայացվել է միջնորդություն ներկայացնելու իրավունքի չարաշահմամբ՝ ակնհայտորեն նպատակ հետապնդելով խափանելու դատական նիստը, ձգձգելու գործի դատական քննությունը:
9. Գործի քննությունն ավարտվելուց հետո մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը գործին մասնակցող անձինք չեն կարող ներկայացնել միջնորդություններ: Այդ ժամանակահատվածում ներկայացված միջնորդությունները ենթակա չեն քննարկման: