Հոդված 320. Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու գործով դատարանի որոշումը
Հոդված 320. Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու գործով դատարանի որոշումը
1. Արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքով դատարանը կայացնում է որոշում, որը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:
2. Դատարանի որոշման մեջ պետք է նշվեն՝
1) վիճարկվող վճիռը կայացրած արբիտրաժի անվանումը, վայրը և կազմը.
2) վիճարկվող վճռի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.
3) գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), նրանց բնակության (գտնվելու) վայրը.
4) դատարանի եզրահանգումը՝ արբիտրաժի վճիռն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ ճանաչելու կամ դիմողի պահանջն ամբողջությամբ մերժելու վերաբերյալ:
3. Դատարանի որոշումը հրապարակվում է վճռի հրապարակման համար սույն օրենսգրքով սահմանված կարգով և օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
4. Արբիտրաժի վճռի չեղյալ ճանաչելը խոչընդոտ չէ կրկին արբիտրաժ դիմելու համար, եթե արբիտրաժ դիմելու հնարավորությունն սպառված չէ:
5. Այն դեպքում, երբ արբիտրաժի վճիռն ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ է ճանաչվում արբիտրաժային համաձայնության անվավերության հետևանքով, կամ եթե նման վճիռը կայացվել է արբիտրաժային համաձայնությամբ արբիտրաժին չվերապահված վեճի վերաբերյալ կամ չի համապատասխանում դրա պայմաններին կամ արբիտրաժային համաձայնությամբ չնախատեսված հարցերով որոշումներ է պարունակում, ապա արբիտրաժային վարույթի կողմերն իրենց վեճը լուծելու համար կարող են դիմել դատարան՝ սույն օրենսգրքով նախատեսված ընդհանուր կանոնների պահպանմամբ: