Հոդված 122. Հայցադիմումին կցվող փաստաթղթերը
Հոդված 122. Հայցադիմումին կցվող փաստաթղթերը
1. Հայցադիմումին կցվում են`
1) հայցվորի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
2) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքը վճարած լինելը հավաստող փաստաթղթի բնօրինակը կամ համապատասխան գանձապետական հաշվին փոխանցումը հավաստող համապատասխան ծածկագիրը՝ տրամադրված վճարահաշվարկային կազմակերպության կողմից, կամ օրենքով նախատեսված դեպքերում` պետական տուրքի վճարման արտոնություն տրամադրելու վերաբերյալ միջնորդությունը.
3) լիազորագիրը կամ այլ փաստաթուղթ, որը հավաստում է ներկայացուցչի լիազորությունը, եթե հայցվորը հանդես է գալու ներկայացուցչի միջոցով, և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը.
4) պայմանագրի նախագիծը, եթե հայցադիմումը վերաբերում է պայմանագիր կնքել հարկադրելուն.
5) հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցներ, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի.
6) հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները՝ գործին մասնակցող անձանց թվին համապատասխան, սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում.
7) հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու մասին դատարանի որոշումը, ինչպես նաև հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառած դատարան ուղարկելը հավաստող ապացույցներ:
2. Հայցադիմումին չեն կցվում հայցադիմումի օրինակը և դրան կից փաստաթղթերի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելը հավաստող ապացույցներ, եթե`
1) հայցվորը ներկայացրել է հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն.
2) հայցվորը ներկայացրել է ապացույցի ապահովման վերաբերյալ միջնորդություն:
3. Եթե հայցադիմումին կից ներկայացված ապացույցները ծավալուն են, ապա հայցադիմումին կցվում են գործին մասնակցող անձանց՝ հայցադիմումն ուղարկելը հավաստող ապացույցներ:
4. Հայցադիմումին կից սույն օրենսգրքով սահմանված կարգով կարող են ներկայացվել հայցի հիմքում դրված փաստերը հաստատող ապացույցներ:
5. Դիմումին կցվող փաստաթղթերի նկատմամբ տարածվում են սույն հոդվածով սահմանված պահանջները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով, կամ այլ բան չի բխում համապատասխան վարույթի էությունից: