Հոդված 483. Անցումային դրույթներ
Հոդված 483. Անցումային դրույթներ
1. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը հետաքննության մարմնի կողմից ստացված հանցագործության մասին հաղորդումները, որոնցով քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում չի կայացվել, քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, հսկող դատախազի միջոցով ուղարկվում են քննիչին՝ պահպանելով սույն օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոնները:
2. 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հետաքննության մարմնի վարույթում գտնվող քրեական գործերը սույն օրենսգրքով սահմանված կարգով նախաքննություն կատարելու համար սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, հսկող դատախազի միջոցով ուղարկվում են քննիչին՝ պահպանելով սույն օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոնները:
3. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը որպես մեղադրյալ ներգրավված անձանց նկատմամբ նախաքննությունը շարունակվում է իրականացվել մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
4. Սույն օրենսգրքով նախատեսված համագործակցության վարույթը կարող է կիրառվել նաև մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը որպես մեղադրյալ ներգրավված, սակայն համագործակցության համաձայնագիր չկնքած անձանց նկատմամբ, եթե դա հնարավոր է իրականացնել սույն օրենսգրքի պահանջների պահպանմամբ:
5. Սույն օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման ժամկետները գործում են 2023 թվականի հունվարի 1-ից հետո մեղադրյալի կարգավիճակ ստացած անձանց համար:
6. Մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը կասեցված քրեական գործերով վարույթները վեցամսյա ժամկետում քննիչի կամ դատարանի որոշմամբ վերսկսվում են:
7. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը հարուցված քրեական գործերով մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունն իրականացվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով, բացառությամբ սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված դեպքի:
8. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը որպես մեղադրյալ ներգրավված անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառվում է, իսկ արդեն կիրառված կալանքը վերացվում կամ երկարաձգվում է սույն օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով:
9. Այն քրեական գործերը, որոնցով սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ կամ եզրափակիչ ակտով, դատարան են ուղարկվում և քննվում սույն օրենսգրքով սահմանված կարգով:
10. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելն ստացված ապացույցների թույլատրելիությունը որոշվում է դրանց ձեռքբերման ժամանակ գործող օրենսդրությանը համապատասխան:
11. Սույն օրենսգրքի 54-րդ գլխով նախատեսված մասնավոր մեղադրանքով վարույթը կիրառվում է այն իրականացնելու իրավասություն ունեցող դատարանների ստեղծումից կամ դատավորների նշանակումից հետո սկսված քրեական վարույթներով: Մինչ այդ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով:
12. Այն քրեական գործերը, որոնցով մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը դատական քննություն նշանակելու մասին որոշում է կայացվել, քննվում և լուծվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
13. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
14. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ նոր կամ նոր երևան եկած հանգամանքների, ինչպես նաև հիմնարար խախտման հիմքով բերված բողոքները սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով:
15. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ 2022 թվականի հուլիսի 1-ից սկսած բացառիկ վերանայման բողոքները բերվում և քննվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով:
16. 1998 թվականի հուլիսի 1-ին ընդունված Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ, 54.1-ին, 54.2-րդ, 54.3-րդ, 54.4-րդ գլուխների դրույթներն ուժը կորցրած չեն ճանաչվում:
17. Սույն օրենսգրքի 123-րդ և 124-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
18. Սույն օրենսգրքի 212-րդ, 329-րդ և 415-րդ հոդվածներով սահմանված հոգեբանի մասնակցության փոխարեն մինչև 2023 թվականի հունվարի 1-ը իրավաչափ համարել մանկավարժի կամ սոցիալական աշխատողի մասնակցությունը:
Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան
2021 թ. հուլիսի 27
Երևան
ՀՕ-306-Ն
Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2021 թվական: