Հոդված 294. Հարկ վճարողների հաշվառումը վերակազմակերպման դեպքում
Հոդված 294. Հարկ վճարողների հաշվառումը վերակազմակերպման դեպքում
1. Կազմակերպության վերակազմավորման դեպքում ՀՎՀՀ-ն փոխանցվում է կազմակերպության իրավահաջորդին, իսկ վերակազմակերպման մյուս ձևերի դեպքում՝
1) կազմակերպությունների միացման ձևով վերակազմակերպման դեպքում շարունակում է գործել այն կազմակերպության ՀՎՀՀ-ն, որին միանում են մեկ այլ կազմակերպություն կամ կազմակերպություններ, իսկ միացող կազմակերպության կամ կազմակերպությունների ՀՎՀՀ-ն հանվում է հաշվառումից.
2) կազմակերպությունների միաձուլման ձևով վերակազմակերպման դեպքում նոր ստեղծված կազմակերպությանը տրամադրվում է նոր ՀՎՀՀ, իսկ միաձուլվող կազմակերպությունների ՀՎՀՀ-ները հանվում են հաշվառումից.
3) կազմակերպությունների առանձնացման ձևով վերակազմակերպման դեպքում նոր առանձնացված կազմակերպությանը կամ կազմակերպություններին տրամադրվում է նոր ՀՎՀՀ, իսկ այն կազմակերպությունը, որից կատարվել է առանձնացումը, շարունակում է հաշվառվել իր ՀՎՀՀ-ով.
4) կազմակերպությունների բաժանման ձևով վերակազմակերպման դեպքում ստեղծված նոր կազմակերպություններից յուրաքանչյուրին տրամադրվում է նոր ՀՎՀՀ, իսկ նախկին կազմակերպության ՀՎՀՀ-ն հանվում է հաշվառումից:
2. Կազմակերպությունների վերակազմակերպմամբ պայմանավորված՝ պետական գրանցման (հաշվառման) մասին տեղեկությունները և փաստաթղթերը պետական ռեգիստրի գործակալությունը ներկայացնում է հարկային մարմին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պետական գրանցում ստացած կազմակերպությունների վերակազմակերպմամբ պայմանավորված՝ պետական գրանցման մասին տեղեկությունները և փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը ներկայացնում է հարկային մարմին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և հարկային մարմնի համատեղ հրամանով սահմանած կարգով: