Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-01-01-ից մինչև 2018-01-01։Բացել գործող տեքստը
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԵՆՍԳՐՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԽԱԽՏԵԼՈՒ ԿԱՄ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐԳլուխ 76 · ՀԱՐԿԱՅԻՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԸ

Հոդված 398. Հարկային իրավախախտումների արձանագրումը

գործել է մինչև 2018-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 398. Հարկային իրավախախտումների արձանագրումը

1. Հարկային վարչարարության իրականացման ընթացքում հարկային իրավախախտում հայտնաբերելուց անմիջապես հետո հարկային մարմնի պատասխանատու պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն, բացառությամբ այն դեպքերի, երբ հարկային իրավախախտումները բացահայտվում և արձանագրվում են հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման կամ հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում հարկային պարտավորությունների հաշվառման արդյունքում:

2. Արձանագրության ձևը և լրացման կարգը հաստատում է հարկային մարմինը: Արձանագրությունը պետք է պարունակի՝

1) արձանագրությունը կազմելու վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը և համարը.

2) հարկային իրավախախտում կատարած անձի անունը, ազգանունը, կազմակերպության լրիվ անվանումը, ՀՎՀՀ-ն՝ առկայության դեպքում, նրա բնակության (գտնվելու վայրի) հասցեն, ֆիզիկական անձի անձնագրային տվյալները և (կամ) հանրային ծառայությունների համարանիշը (հայտնի լինելու դեպքում).

3) հարկային իրավախախտումների նկարագրությունը, ժամանակահատվածը, ձեռք բերված տեղեկությունները և այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել.

4) ձեռք բերված տեղեկությունների սահմաններում հարկային պարտավորության նախնական հաշվարկը և պատասխանատվության կիրառման իրավական հիմքերը.

5) արձանագրությունը կազմած հարկային մարմնի պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը:

3. Կազմված արձանագրությանը կարող են կցվել հարկային իրավախախտման փաստը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր, լուսանկարներ, էլեկտրոնային տեղեկություններ պարունակող կրիչներ, նյութեր և անհրաժեշտ տեղեկություններ պարունակող այլ իրեր:

4. Արձանագրությունը կազմելուց հետո այն ներկայացվում է հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով: Եթե կազմված արձանագրության հիման վրա հարուցվում է վարչական կամ քրեական վարույթ, ապա արձանագրությունը պահպանվում է վարչական կամ քրեական գործում, իսկ եթե վարույթ չի հարուցվում, այն պահպանվում է հարկ վճարողի հարկային գործում՝ հետագա հարկային հսկողության ընթացքում օգտագործելու նպատակով:

5. Հարկային մարմնում վարվող՝ հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում, հարկային մարմնի նախաձեռնությամբ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցվում է վարչական վարույթ, եթե չվճարված հարկային պարտավորության չափը գերազանցում է 200 հազար դրամը կամ հարկային պարտավորության առաջացման օրվանից հետո անցել է երկու ամսից ավելի ժամանակ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։