Հոդված 8. Հարկման համակարգերը
Հոդված 8. Հարկման համակարգերը
1. Հայաստանի Հանրապետությունում գործում են հարկման ընդհանուր և հատուկ համակարգեր:
2. Հարկման ընդհանուր համակարգի շրջանակներում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները հարկվում են, մասնավորապես, ԱԱՀ-ով և (կամ) շահութահարկով:
3. Հարկման հատուկ համակարգերից՝
1) շրջանառության հարկի համակարգի շրջանակներում կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները հարկվում են, մասնավորապես, ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին փոխարինող շրջանառության հարկով.
2) արտոնագրային հարկի համակարգի շրջանակներում կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը հարկվում են, մասնավորապես, ԱԱՀ-ին և (կամ) շահութահարկին փոխարինող արտոնագրային հարկով.
3) ընտանեկան ձեռնարկատիրության համակարգի շրջանակներում կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը Օրենսգրքի 56-րդ գլխով սահմանված դեպքերում ազատվում են, մասնավորապես, ԱԱՀ-ով և (կամ) շահութահարկով, ինչպես նաև շրջանառության հարկով հարկումից:
4. Հարկման հատուկ համակարգերում գործող կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և նոտարների համար Օրենսգրքի՝ հարկման հատուկ համակարգերին վերաբերող բաժնով կարգավորվող հարաբերությունների մասով Օրենսգրքով սահմանված այլ հարկերը և վճարները (որոնց շրջանառության հարկը կամ արտոնագրային հարկը չեն փոխարինում, կամ որոնցից ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում) հաշվարկվում ու վճարվում են Օրենսգրքի՝ համապատասխան հարկին կամ վճարին վերաբերող բաժիններով սահմանված կարգով, եթե Օրենսգրքի՝ հարկման հատուկ համակարգերին վերաբերող համապատասխան գլուխներով այդ հարկերի և վճարների հաշվարկման ու վճարման մասով առանձնահատկություններ սահմանված չեն: