Հոդված 441. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը և բողոք ներկայացնելու կարգը
Հոդված 441. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը և բողոք ներկայացնելու կարգը
1. Հարկային մարմնի ընդունած անհատական իրավական ակտերի, հարկային ծառայողի գործողությունների կամ անգործության վերաբերյալ վեճերի լուծման նպատակով հարկային մարմնում գործում է հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողով: Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը հարկային մարմնի ղեկավարի կողմից ձևավորվող՝ հարկային մարմնում մշտապես գործող մարմին է, որը կազմված է նախագահից և ութ անդամից, որոնք հանձնաժողովում իրենց աշխատանքը համատեղում են իրենց զբաղեցրած հարկային ծառայության պաշտոնների հետ:
2. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը ներկայացված բողոքը վարույթ է ընդունում հարկ վճարողի կողմից գրավոր կարգով և հայերեն լեզվով ներկայացված դիմում-բողոքի հիման վրա, որը պետք է պարունակի`
1) հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի անվանումը, որին ներկայացվում է բողոքը.
2) բողոք բերող ֆիզիկական անձի անունը, ազգանունը, ՀՎՀՀ-ն (վերջինիս բացակայության դեպքում նշվում է հանրային ծառայության համարանիշը), հասցեն, իսկ կազմակերպության դեպքում` կազմակերպության անվանումը, գտնվելու վայրը, ՀՎՀՀ-ն, իսկ ԱԱՀ վճարողների դեպքում` նաև ԱԱՀ վճարողի հաշվառման համարը, նրա անունից բողոք բերող անձի անունը, ազգանունը և պաշտոնը, ինչպես նաև հեռահաղորդակցման միջոցների տվյալները.
3) բողոքարկման առարկան.
4) բողոք բերողի պահանջը.
5) բողոքին կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը.
6) բողոքը կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.
7) բողոք բերող անձի ստորագրությունը, կազմակերպության դեպքում` նրա անունից բողոք բերող անձի ստորագրությունը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասում նշված՝ ոչ լիարժեք ներկայացված դիմում-բողոքի դեպքում հարկային մարմինը դիմում-բողոքը ներկայացնող հարկ վճարողին գրավոր տեղեկացնում է դիմում-բողոքում առկա թերությունների մասին և առաջարկում է վերացնել դրանք՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում: Նշված ժամկետում թերությունները վերացնելու և բողոքարկման հանձնաժողովին տեղեկացնելու դեպքում դիմում-բողոքը համարվում է ընդունված այն առաջին անգամ ներկայացնելու օրվանից: Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովը քննության է առնում նաև թերություններով ներկայացված դիմում-բողոքը, եթե այդ թերությունները չեն խոչընդոտում բողոքի հետագա քննությանը:
4. Հարկային մարմնի ընդունած և ուժի մեջ մտած անհատական իրավական ակտը կարող է բողոքարկվել այն ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, իսկ հարկային ծառայողի գործողությունները կամ անգործությունը կարող են բողոքարկվել այն կատարելու կամ ցուցաբերելու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
5. Հարկային մարմնի բողոքարկման հանձնաժողովի աշխատակարգը, անհատական կազմը (հաշվի առնելով շահերի բախման սկզբունքի հնարավորինս պահպանությունը), բողոքարկման հանձնաժողովին ներկայացվող դիմում-բողոքի ձևը և դիմում-բողոք բերած անձին հանձնաժողովի նիստի անցկացման վայրի ու ժամանակի մասին ուղարկվող ծանուցագրի ձևը, ինչպես նաև հանձնաժողովի կողմից ընդունվող որոշումների ձևերը սահմանում է հարկային մարմինը: