Հոդված 5. Օրենսգրքում այլ հասկացությունների կիրառության կանոնները
Հոդված 5. Օրենսգրքում այլ հասկացությունների կիրառության կանոնները
1. Բացի Օրենսգրքի 4-րդ հոդվածով սահմանված հասկացություններից, Օրենսգրքում կիրառվում են նաև այլ հասկացություններ, որոնց իմաստն ու նշանակությունը մեկնաբանվում են Օրենսգրքի՝ այդ հասկացություններին վերաբերող համապատասխան գլուխներում:
2. «Հարկման օբյեկտ», «վճարի օբյեկտ», «հարկման բազա», «վճարի բազա», «հաշվետու ժամանակաշրջան» հասկացությունները հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերում կիրառվում են Օրենսգրքի՝ այդ հասկացություններին վերաբերող համապատասխան հոդվածներում նշված իմաստով ու նշանակությամբ:
3. Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ ԵՏՄ) մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման մասով հարկերի և վճարների հաշվարկման ու վճարման հետ կապված հարաբերությունների կարգավորման նպատակով Օրենսգրքում կիրառվող այն հասկացությունները, որոնք սահմանված չեն Օրենսգրքով, կիրառվում են ԵՏՄ մաքսային օրենսդրությամբ կամ մաքսային հարաբերություններ կարգավորող՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված իմաստներով:
4. Հաշվապահական հաշվառման ոլորտը կարգավորող իրավական ակտերում կիրառվող հասկացությունները Օրենսգրքում կիրառվում են այդ իրավական ակտերում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե Օրենսգրքով այլ բան սահմանված չէ:
5. Քաղաքացիական, վարչական, քրեական, աշխատանքային, ընտանեկան, հողային, բնական պաշարների օգտագործման և շրջակա միջավայրի պահպանության, լիցենզավորման, ծանուցման, թույլտվության և այլ հատուկ ոլորտների իրավական ակտերում կիրառվող հասկացությունները Օրենսգրքում կիրառվում են համապատասխան ոլորտի իրավական ակտերում կիրառվող իմաստով ու նշանակությամբ, եթե Օրենսգրքով այլ բան սահմանված չէ:
6. Եթե Օրենսգրքում կիրառվող՝ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (այսուհետ՝ ԱՏԳ ԱԱ) ծածկագրի՝ ԵՏՄ մաքսային օրենսդրությամբ սահմանված մեկնաբանությունը տարբերվում է համապատասխան ԱՏԳ ԱԱ ծածկագրի մասով Օրենսգրքով սահմանված մեկնաբանությունից, ապա կիրառվում է Օրենսգրքով սահմանված մեկնաբանությունը: