Հոդված 14. Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը
Հոդված 14. Համայնքային ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը
1. Համայնքային ծառայության թափուր պաշտոն առաջանալու դեպքում այդ պաշտոնն զբաղեցվում է մրցույթով, բացառությամբ սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:
2. Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար համապատասխան համայնքի ղեկավարը մրցույթ անցկացնելու մասին հայտարարությունը հրապարակում է մրցույթն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային տեղեկատվության այլ միջոցներով:
3. Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմը:
4. Մրցութային հանձնաժողովը քաղաքացուն չի թույլատրում մասնակցել մրցույթին, եթե քաղաքացին չի բավարարում սույն օրենքի 11-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները, կամ առկա է սույն օրենքի 12-րդ հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:
5. Մրցույթն անցկացվում է նաև, եթե մրցույթին մասնակցելու համար դիմել է մեկ մասնակից:
6. Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթն անցկացվում է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի:
7. Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:
Թեստերը կազմվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հաստատած կարգով՝ վաղօրոք կազմված հարցաշարից և դրանից պատահական ընտրված հարցերից՝ մասնակիցների գիտելիքները հետևյալ բնագավառներում ստուգելու համար.
ա) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության.
բ) համայնքային ծառայության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության.
գ) տեղական ինքնակառավարման մարմինների իրավասությունը սահմանող Հայաստանի Հանրապետության օրենսդրության.
դ) մասնագիտական հմտությունների:
Թեստավորման առաջադրանքները բաղկացած են հարցերից և խնդիրներից: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որոնցից միայն մեկն է ճիշտ: Յուրաքանչյուր հարց (խնդիր) պետք է ունենա մեկ միանշանակ պատասխան:
Գաղտնիությունն ապահովելու նպատակով թեստավորման փուլն անցկացվում է մասնակիցների համար կոդերի կիրառմամբ:
8. Համայնքային ծառայության թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթի երկրորդ՝ հարցազրույցի փուլին մասնակցելու իրավունք ունեն թեստավորման առաջադրանքների առնվազն 75 տոկոսին ճիշտ պատասխանած մասնակիցները:
Հարցազրույցն անցկացվում է համայնքային ծառայության տվյալ պաշտոնի անձնագրի դրույթների շրջանակներում նրանց գործնական կարողություններն ստուգելու նպատակով:
Մրցութային հանձնաժողովը հարցազրույցի միջոցով յուրաքանչյուր մասնակցի գործնական կարողությունները գնահատում է 20 բալային համակարգով: Նվազագույն դրական գնահատականը 8 բալն է:
Մրցույթի հաղթող է ճանաչվում առավել բարձր բալեր ստացած մասնակիցը: Եթե երկու կամ ավելի մասնակիցներ են առավել բարձր բալեր ստանում, ապա բոլորը մրցույթի հաղթող են ճանաչվում:
9. Մրցույթի արդյունքները հրապարակվում են մրցույթն անցկացնելու օրը:
10. Մրցույթի արդյունքների հրապարակումից հետո՝ եռօրյա ժամկետում, մրցույթում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկը նշանակվում է համապատասխան պաշտոնում:
11. Եթե մրցույթում մասնակիցներից ոչ մեկը թեստավորման առաջադրանքների առնվազն 75 տոկոսին ճիշտ պատասխան չի տվել, կամ հարցազրույցի մասնակիցներից ոչ մեկը քվեարկությունից հետո դրական գնահատական չի ստացել, ապա մրցույթում հաղթող չի ճանաչվում, և երկու ամիս հետո անցկացվում է կրկնակի մրցույթ:
Եթե մրցույթին մասնակցելու համար ոչ մի դիմում չի ներկայացվել, կամ ներկայացված բոլոր դիմումներում առկա է սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված հիմքերից որևէ մեկը, ինչպես նաև եթե մրցույթին մասնակցելու համար դիմում ներկայացրած անձանցից ոչ մեկը չի ներկայացել, ապա մրցույթը համարվում է չկայացած, և երկու ամիս հետո անցկացվում է կրկնակի մրցույթ:
Սույն հոդվածով սահմանված կարգի խախտմամբ անցկացված մրցույթն անվավեր է ճանաչվում դատական կարգով:
Կրկնակի մրցույթ է անցկացվում նաև մրցույթն անվավեր ճանաչվելու դեպքում:
Կրկնակի մրցույթն անցկացվում է ընդհանուր հիմունքներով:
Եթե կրկնակի մրցույթը համարվում է չկայացած (անվավեր), կամ կրկնակի մրցույթում հաղթող չի ճանաչվում, ապա տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար նոր մրցույթը հայտարարվում է կրկնակի մրցույթ անցկացնելուց երկու ամիս հետո:
12. Սույն օրենքի հիման վրա մրցույթ անցկացնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը: