Հոդված 19. Համայնքային ծառայողի ատեստավորումը
Հոդված 19. Համայնքային ծառայողի ատեստավորումը
1. Համայնքային ծառայողի հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ:
2. Համայնքային ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:
3. Համայնքային ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է համայնքի ղեկավարի պատճառաբանված որոշմամբ կամ համայնքային ծառայողի ցանկությամբ:
4. Ատեստավորումն անցկացվում է համայնքային ծառայողի անմիջական մասնակցությամբ:
5. Ատեստավորման ենթակա չեն՝
ա) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող համայնքային ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
բ) պարտադիր զինվորական ծառայությունից վերադարձած համայնքային ծառայողները վերադառնալուց հետո` մեկ տարվա ընթացքում, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.
գ) հղի և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող համայնքային ծառայողները, եթե նրանք այդպիսի ցանկություն չեն հայտնել:
Հղիության և երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող համայնքային ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:
Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող, ինչպես նաև ժամանակավոր անաշխատունակ համայնքային ծառայողները ենթակա են ատեստավորման աշխատանքի ներկայանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
6. Ատեստավորման ենթակա համայնքային ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման մասին:
7. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է համայնքային ծառայողի ծառայողական բնութագիրը:
Ծառայողական բնութագիրը պետք է պարունակի համայնքային ծառայողի մասին տվյալներ և նրա` գործնական, մարդկային հատկանիշների ու ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում համայնքային ծառայողի կատարած աշխատանքների մասին վեց ամիսը մեկ անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվությունների վերաբերյալ վերջինիս եզրակացությունների վրա:
Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում համայնքային ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է պաշտոնից ատեստավորումից հետո զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու հիմքով (քաղաքական և հայեցողական պաշտոններ զբաղեցնող ղեկավարների դեպքում՝ հեռացման կամ պաշտոնանկության հիմքով), ապա նրա տված եզրակացություններն իրավաբանական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա համայնքային ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում:
Համայնքային ծառայողն ատեստավորում անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:
8. Ատեստավորումն անցկացվում է հետևյալ եղանակներով.
ա) փաստաթղթային.
բ) թեստավորման և հարցազրույցի:
9. Համայնքային այն ծառայողները, ովքեր ունեն զբաղեցրած պաշտոնի ենթախմբի համար սույն օրենքով նախատեսված առավելագույն դասային աստիճան, ենթակա են փաստաթղթային ատեստավորման:
Փաստաթղթային ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա՝ հարցազրույցի միջոցով:
Փաստաթղթային ատեստավորումից հետո ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
ա) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
բ) ենթակա է ատեստավորման թեստավորման և հարցազրույցի միջոցով:
10. Թեստավորման և հարցազրույցի միջոցով ատեստավորման ենթակա են համայնքային այն ծառայողները`
ա) ովքեր փաստաթղթային ատեստավորման ենթակա չեն.
բ) որոնց վերաբերյալ ատեստավորման հանձնաժողովն ընդունել է սույն հոդվածի 9-րդ մասի 3-րդ պարբերության «բ» կետում նշված որոշումը:
Թեստավորումը կարող է անցկացվել համակարգչի միջոցով կամ գրավոր:
Թեստերը կազմում, հարցազրույցն անցկացնում և արդյունքները գնահատում է ատեստավորման հանձնաժողովը՝ սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով:
11. Սույն հոդվածով սահմանված կարգով ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել համայնքային ծառայողի ատեստավորման արդյունքների վրա:
12. Ատեստավորման հանձնաժողովը թեստավորման և հարցազրույցի արդյունքներով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
ա) շնորհել ավելի բարձր դասային աստիճան.
բ) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.
գ) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին՝ ատեստավորումից հետո` վեց ամսվա ընթացքում, վերապատրաստում անցնելու և վերապատրաստումից հետո դրական գնահատական ստանալու պայմանով.
դ) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:
Ատեստավորման հանձնաժողովի որոշումները պարտադիր են համայնքի ղեկավարի համար:
13. Համայնքային ծառայողն իրավունք ունի ծանոթանալու ատեստավորման արդյունքներին և բողոքարկելու դրանք մինչև համայնքի ղեկավարին ներկայացնելը:
14. Ատեստավորման արդյունքներն ատեստավորման հանձնաժողովն ատեստավորման օրվանից հետո` եռօրյա ժամկետում, ներկայացնում է համապատասխան համայնքի ղեկավարին, որն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.
ա) համայնքային ծառայողին ավելի բարձր համայնքային ծառայության դասային աստիճան շնորհելու մասին.
բ) համայնքային ծառայողի վերապատրաստում անցնելու մասին.
գ) համայնքային ծառայողին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին:
Նման որոշում կայացվում է նաև, եթե համայնքային ծառայողը վերապատրաստումից հետո ստանում է բացասական գնահատական:
15. Համայնքի ղեկավարը ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:
Եթե համայնքային ծառայողը ժամանակավոր անաշխատունակ է, գտնվում է արձակուրդում կամ անցնում է վերապատրաստում, ապա համայնքի ղեկավարը ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշում է ընդունում ծառայողի աշխատանքի ներկայանալու օրվանից հետո` եռօրյա ժամկետում:
16. Սույն օրենքի հիման վրա համայնքային ծառայողի ատեստավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը: