Հոդված 18. Համայնքային ծառայողի ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելը
Հոդված 18. Համայնքային ծառայողի ժամանակավոր թափուր պաշտոն զբաղեցնելը
1. Համայնքային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալիս (հղիության և ծննդաբերության արձակուրդի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու, մինչև համայնքային ծառայության թափուր պաշտոնը մրցույթում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը, համայնքային ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, սույն օրենքի 17-րդ հոդվածի 3-րդ մասով, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում) այն զբաղեցվում է համապատասխան համայնքի համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող՝ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով, իսկ դրա անհնարինության դեպքում՝ այլ համայնքի համայնքային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող՝ տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող անձի` վեց ամսից ոչ ավելի ժամկետով պարտադիր գործուղմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում, հաշվի առնելով սույն օրենքի 11-րդ, 12-րդ հոդվածների, 24-րդ հոդվածի 3-րդ մասի և 34-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները` մեկ այլ անձի հետ ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով:
2. Սույն օրենքի հիման վրա համայնքային ծառայողի հետ ժամկետային աշխատանքային պայմանագրի կնքման և համայնքային ծառայողի պարտադիր գործուղման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: