Հոդված 7. Համայնքային ծառայության պաշտոնների դասակարգումը
Հոդված 7. Համայնքային ծառայության պաշտոնների դասակարգումը
1. Համայնքային ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի՝ ելնելով այդ պաշտոնն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակից:
2. Համայնքային ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.
ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոն` 15 հազարից ավելի բնակչություն ունեցող համայնքի տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմի քարտուղար.
բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոններ.
գ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոններ:
3. Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խումբ, բացի գլխավոր պաշտոնից, դասակարգվում է 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի: Համայնքային ծառայության պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է:
4. Համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը: