Հոդված 10. Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը
Հոդված 10. Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը
1. Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերը սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետով նախատեսված համայնքային ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագրի հիման վրա հաստատում է համապատասխան համայնքի ղեկավարը:
Համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերն ընդգրկում են նաև աշխատանքային ստաժի և փորձի առնվազն հետևյալ չափանիշները.
ա) համայնքային ծառայության գլխավոր պաշտոն` բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
բ) համայնքային ծառայության առաջատար պաշտոններ՝ բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երկու տարվա ընթացքում համայնքի ղեկավարի, ինչպես նաև հայեցողական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ.
գ) համայնքային ծառայության կրտսեր պաշտոններ` միջնակարգ կրթություն` առանց աշխատանքային ստաժի և փորձի:
2. Մինչև 2008 թվականի հունվարի 1-ը համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի անձնագիրը ընդգրկում է համայնքային կամ քաղաքացիական ծառայության առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, առաջատար պաշտոնների անձնագրերը` տեղական ինքնակառավարման մարմիններում կամ քաղաքացիական ծառայության առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ:
3. Համայնքային ծառայության պաշտոնի անձնագիրը կարող է փոփոխվել, եթե դա տվյալ պաշտոնն զբաղեցնող համայնքային ծառայողի համար չի առաջացնում այնպիսի նոր պահանջներ, որոնց բավարարումը հնարավոր չէ ապահովել վերապատրաստումից հետո: