Հոդված 32. Համայնքային ծառայողների կարգապահական պատասխանատվություն
Հոդված 32. Համայնքային ծառայողների կարգապահական պատասխանատվություն
1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ինչպես նաև պաշտոնեական լիազորությունները անցնելու, աշխատանքային կարգապահական ներքին կանոնները խախտելու դեպքերում օրենքով սահմանված կարգով համայնքային ծառայողի նկատմամբ կիրառվում են կարգապահական հետևյալ տույժերը.
ա) նախազգուշացում.
բ) նկատողություն.
գ) խիստ նկատողություն.
դ) զբաղեցրած պաշտոնից ազատում:
2. Մինչև կարգապահական տույժ նշանակելը խախտում թույլ տված համայնքային ծառայողից պահանջվում է բացատրություն:
Կարգապահական տույժը նշանակվում է կարգապահական խախտումը հայտնաբերելու օրվանից հետո` երեք ամսվա ընթացքում, չհաշված ծառայողի հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելու ժամանակը:
Կարգապահական տույժ չի կարող նշանակվել, եթե կարգապահական խախտում կատարելու օրվանից անցել է վեց ամսից ավելի ժամանակ:
Կարգապահական տույժ նշանակելու մասին համայնքային ծառայողին հաղորդվում է ոչ ուշ, քան կարգապահական տույժ նշանակելուց հետո` եռօրյա ժամկետում:
Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:
Եթե համայնքային ծառայողը կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա նա համարվում է կարգապահական տույժի չենթարկված: Կարգապահական տույժը կարող է հանվել մինչև մեկ տարին լրանալը, եթե համայնքային ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում և իրեն դրսևորել է որպես բարեխիղճ ծառայող:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը համայնքային ծառայողի նկատմամբ կիրառում է համայնքի ղեկավարը:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով և դեպքերում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննություն անցկացնելուց հետո: Ծառայողական քննություն անցկացնելու ընթացքում համայնքային ծառայողի ծառայողական պարտականությունների կատարումը մինչև մեկ ամիս ժամկետով կարող է կասեցվել համայնքային ծառայողի վարձատրության պահպանմամբ: