Հոդված 33. Համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը
Հոդված 33. Համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերը
1. Համայնքային ծառայողին պաշտոնից ազատելու հիմքերն են՝
ա) անձնական դիմումը.
բ) օրենքով սահմանված կարգով իր գույքի և եկամուտների հայտարարագիրը չներկայացնելը.
գ) սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասի «բ» և «գ» կետերով նախատեսված կարգապահական տույժերից որևէ մեկի կիրառումից հետո` մեկ տարվա ընթացքում, նոր կարգապահական խախտում թույլ տալը.
դ) սույն օրենքի 18-րդ հոդվածով նախատեսված ժամկետային աշխատանքային պայմանագրի ժամկետը լրանալը.
ե) սույն օրենքով նախատեսված ատեստավորման արդյունքները.
զ) հաստիքների կրճատումը.
է) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս աշխատանքի չներկայանալը՝ չհաշված հղիության և ծննդաբերության արձակուրդը.
ը) իր գրավոր համաձայնությամբ այլ պաշտոնում ընտրվելը կամ նշանակվելը կամ համայնքային ծառայողի պաշտոնի հետ անհամատեղելի այլ աշխատանքի անցնելը.
թ) համայնքային ծառայության պաշտոնում նշանակելու՝ սույն օրենքով սահմանված կարգի խախտումը.
ժ) սույն օրենքի 24-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումները չպահպանելը.
ժա) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելը կամ փախստականի կարգավիճակ կորցնելը՝ առանց Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ձեռքբերման.
ժբ) օրինական ուժի մեջ մտած` նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռը.
ժգ) համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու՝ սույն օրենքով սահմանված առավելագույն տարիքի լրանալը.
ժդ) սույն օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելը.
ժե) դատական կարգով անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը.
ժզ) դատական կարգով համայնքային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից զրկվելը.
ժէ) սույն օրենքի 12-րդ հոդվածի «գ» կետով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը.
ժը) համապատասխան մարմնի լուծարումը:
2. Համայնքային ծառայողի պարտականությունները համարվում են դադարած նրա մահվան դեպքում:
3. Սույն հոդվածի 1-ին մասի «զ», «է» և «թ» կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատվել չեն կարող հղի և մինչև երեք տարեկան երեխա խնամող համայնքային ծառայողները: