Հոդված 14. Վեճերի կարգավորումը
Հոդված 14. Վեճերի կարգավորումը
1. Եթե երկու Պայմանավորվող կողմերի միջև ծագում է որևէ վեճ՝ կապված սույն Համաձայնագրի և նրա Հավելվածի մեկնաբանման կամ կիրառման հետ, Պայմանավորվող կողմերը պետք է առաջին հերթին փորձեն կարգավորել այն բանակցությունների միջոցով:
2. Եթե Պայմանավորվող կողմերը չեն հասնում համաձայնության բանակցությունների միջոցով, ապա նրանք կարող են համաձայնել՝ այդ վեճի կարգավորումը հանձնել խորհրդակցական ձայն ունեցող անձի կամ մարմնի քննարկմանը:
3. Եթե Պայմանավորվող կողմերը չեն հասնում համաձայնության վերը նշված 1-ին և 2-րդ կետերի դրույթներին համապատասխան, Պայմանավորվող կողմերից որևէ մեկը, համաձայն իր համապատասխան օրենքների և կանոնների, կարող է վեճը փոխանցել միջնորդ դատարան՝ բաղկացած երեք իրավարարներից, որոնցից երկուսը նշանակվում են Պայմանավորվող կողմերի կողմից, իսկ մյուսը՝ միջնորդ դատավոր:
Այն դեպքում, երբ վեճը փոխանցվել է միջնորդ դատարան, յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է նշանակի իրավարար 60 օրվա ընթացքում այն օրից հետո, երբ ստացվել է ցուցում՝ կապված միջնորդ դատարանին վեճի հանձնարարմանը, իսկ միջնորդ դատավորը պետք է լինի նշանակված վերջին երկուսի նշանակումից ավելի ուշ՝ 60 օրվա ընթացքում: Եթե որևէ Պայմանավորվող կողմ չի նշանակում իր իրավարարին նշված ժամանակահատվածում, կամ նշանակված իրավարարները չեն համաձայնում միջնորդ դատավորի կապակցությամբ նշված ժամանակահատվածում, Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության խորհրդի նախագահը կարող է Պայմանավորվող կողմից պահանջել նշանակել իրավարար մյուս կողմի համար, կամ, եթե դեպքը պահանջում է, նշանակել միջնորդ դատավոր:
Այնուամենայնիվ, նշանակման պահին միջնորդ դատավորը պետք է լինի այնպիսի երկրի քաղաքացի, որը ունի դիվանագիտական հարաբերություններ երկու Պայմանավորվող կողմերի հետ:
4. Այն դեպքում, երբ միջնորդ դատավորը նշանակվում է Միջազգային քաղաքացիական ավիացիայի կազմակերպության խորհրդի նախագահի կողմից, և երբ նախագահը խուսափում է այդ պարտավորությունից, կամ երբ նա որևէ Պայմանավորվող կողմի քաղաքացի է, նշանակումը կատարվում է փոխնախագահի կողմից, իսկ երբ փոխնախագահը նույնպես խուսափում է այդ պարտավորությունից, կամ երբ նա որևէ Պայմանավորվող կողմի քաղաքացի է, նշանակումը կատարվում է խորհրդի ավագ անդամի կողմից, որը որևէ Պայմանավորվող կողմի քաղաքացի չէ:
5. Պայմանավորվող կողմերի կողմից համաձայնեցված մեկ այլ դրույթի առարկա է այն, որ միջնորդ դատարանը ինքն է որոշում իր աշխատանքային ընթացակարգը և դատավարման վայրը:
6. Միջնորդ դատարանի որոշումները պարտադիր են յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար:
7. Միջնորդ դատարանի ծախսերը, ներառյալ իրավարարներին տրվող վճարները և նրանց ծախսերը, պետք է հավասարապես կիսվեն Պայմանավորվող կողմերի միջև: Խորհրդի կողմից կատարված ցանկացած ծախս՝ կապված միջնորդ դատավորի նշանակման և/կամ Պայմանավորվող կողմի՝ սույն հոդվածի 3-րդ կետում նշված իրավարարի նշանակման հետ, պետք է համարվի միջնորդ դատարանի ծախսումների մի մասը: