Հոդված 10. Օդային տրանսպորտի սակագները
Հոդված 10. Օդային տրանսպորտի սակագները
1. Պայմանավորվող կողմերի ավիաընկերությունների կողմից համաձայնեցված հաղորդակցության համար գանձվող սակագները պետք է հաստատվեն խելամիտ մակարդակով՝ հաշվի առնելով բոլոր պատշաճ գործոնների վճարումները, ներառյալ շահագործման ծախսերը, խելամիտ եկամուտները, հաղորդակցությունների բնութագրերը և ամբողջ երթուղու կամ նրա մի մասում կանոնավոր հաղորդակցություն շահագործող այլ ավիաընկերության սակագները:
2. Սույն հոդվածի 1-ին կետում նշված սակագները պետք է հաստատվեն հետևյալ կանոնների համաձայն.
ա) երբ երկու Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունները հանդիսանում են միջազգային ավիաընկերությունների ասոցիացիայի անդամ, որն ունի սակագների չափը նշող մեխանիզմ և համաձայնեցված հաղորդակցությունների կապակցությամբ գոյություն ունեցող սակագնային կանոնադրույթ, սակագները պետք է համաձայնեցվեն Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների կողմից՝ համաձայն այս սակագների կանոնադրույթի,
բ) երբ գոյություն չունի սակագնային կանոնադրույթ՝ կապված համաձայնեցված հաղորդակցությունների հետ, կամ երբ Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերություններից մեկը կամ երկուսն էլ վերոհիշյալ «ա» ենթակետում նշված ավիաընկերությունների ասոցիացիայի անդամ չեն, Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունները միմյանց հետ պայմանավորվում են համաձայնեցված հաղորդակցությունների կապակցությամբ վճարվող սակագների շուրջ,
գ) նման ձևով համաձայնեցված սակագները պետք է ներկայացվեն հաստատման Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանություններին այդ սակագների ներմուծման կիրառելիության ամսաթվից առնվազն երեսուն /30/ օր առաջ: Այս ժամանակահատվածը կարող է նվազեցվել նշված իշխանությունների համաձայնությամբ,
դ) այն դեպքում, երբ Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերություններին չի հաջողվում սակագների շուրջ համաձայնություն կայացնել, կամ եթե մի Պայմանավորվող կողմը չի նշանակել իր ավիաընկերությունը համաձայնեցված հաղորդակցությունների շահագործման նպատակով, կամ երբ սույն հոդվածի «գ» ենթակետում նշված 30-օրյա ժամկետի առաջին 15 օրերի ընթացքում մի Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները տեղեկացնում են մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին իրենց անհամաձայնության մասին ցանկացած սակագնի շուրջ, որը համաձայնեցված է Պայմանավորվող կողմերի նշանակած ավիաընկերությունների միջև՝ համաձայն սույն հոդվածի «ա» և «բ» ենթակետերի, ապա Պայմանավորվող կողմերի ավիացիոն իշխանությունները պետք է ձգտեն հասնել համաձայնության գանձվող համապատասխան սակագների առնչությամբ: Որպես հիմնական կանոն՝ ոչ մի սակագին չի գանձվի, քանի դեռ Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները չեն հաստատել այն: Այնուամենայնիվ, սակագինը համարվում է հաստատված, եթե որևէ Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները նշանակված ավիաընկերությունների միջև համաձայնեցված ցանկացած սակագնի կապակցությամբ իրենց անհամաձայնության մասին ծանուցում չեն ներկայացրել վերը նշված տասնհինգ /15/ օրվա ժամանակահատվածում:
3. Սույն հոդվածի դրույթներով հաստատված սակագները կմնան ուժի մեջ մինչև հաստատվեն նոր սակագներ: