Հոդված 14. Կենտրոնական բանկի տարեկան ծախսերի և կապիտալ ներդրումների հաստատումը
Հոդված 14. Կենտրոնական բանկի տարեկան ծախսերի և կապիտալ ներդրումների հաստատումը
1. Կենտրոնական բանկի խորհուրդը մինչև յուրաքանչյուր տարվա նոյեմբերի 1-ը հաստատում է Կենտրոնական բանկի հաջորդ տարվա կապիտալ ներդրումների ծրագիրը և ծախսերի նախահաշիվը, որը ներառում է Կենտրոնական բանկի վարչական ծախսերը և գործառնական ծախսերի կանխատեսումը: Կենտրոնական բանկի ծախսերի նախահաշիվը և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը հաստատում է Ազգային ժողովը պետական բյուջեի մասին օրենքի առանձին հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացմամբ:
2. Կենտրոնական բանկի ծախսերի նախահաշիվը և կապիտալ ներդրումների առավելագույն սահմանաքանակը պետք է ապահովեն Կենտրոնական բանկի խնդիրներն իրականացնելու հնարավորությունը, այդ թվում`
ա) դրամավարկային քաղաքականության միջոցով գների կայունությունը ապահովելու և սղաճը կանխելու (զսպելու).
բ) Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները պատշաճ կառավարելու և հայկական դրամի փոխարժեքը կարգավորելու.
գ) միջազգային չափանիշներին համապատասխանող, ամբողջական և գործուն բանկային վերահսկողությունը և կարգավորումը ապահովելու.
դ) հայկական դրամը պատրաստելու, պահպանելու, թղթադրամի և մետաղադրամի օգտագործման անվտանգությունն ապահովելու.
ե) միջազգային չափանիշներին համապատասխանող, գործուն վճարահաշվարկային համակարգ ստեղծելու, զարգացնելու և պահպանելու.
զ) միջազգային կազմակերպություններում պատշաճ ներկայացուցչություն ապահովելու, ինչպես նաև վերոհիշյալ խնդիրներն իրականացնելու համար անհրաժեշտ որակավորում ունեցող աշխատակիցներին Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում վարձատրության միջին չափին համապատասխան աշխատավարձ վճարելու: