Հոդված 22. Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին պաշտոնից ազատելու հիմքերը
Հոդված 22. Կենտրոնական բանկի խորհրդի անդամներին պաշտոնից ազատելու հիմքերը
1. Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալը կարող են պաշտոնից ազատվել կամովին` ազատվելու օրվանից մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին և Ազգային ժողովին:
Կենտրոնական բանկի խորհրդի մյուս անդամները կարող են պաշտոնից ազատվել կամովին` ազատվելու օրվանից մեկ ամիս առաջ գրավոր տեղեկացնելով Հայաստանի Հանրապետության Նախագահին:
2. Ազգային ժողովը` Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ պաշտոնից ազատում է Կենտրոնական բանկի նախագահին, նրա տեղակալին, իսկ Հայաստանի Հանրապետության Նախագահը` խորհրդի մյուս անդամներին, եթե նրանք`
ա) դադարել են Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինել.
բ) դատարանի վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ են ճանաչվել կամ օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտվել են դիտավորությամբ կատարված հանցագործության համար.
գ) թերացել են պաշտոնեական պարտականությունները կատարելիս.
դ) օրենքով սահմանված կարգով որակազրկվել են կամ զրկվել են որոշակի պաշտոն վարելու իրավունքից.
ե) հիվանդության կամ այլ պատճառով վեց ամսից ավելի չեն կատարել իրենց պաշտոնեական պարտականությունները.
զ) մեկ տարվա ընթացքում ավելի քան հինգ անգամ անհարգելի բացակայել են խորհրդի նիստերից: