Հոդված 52. Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները
Հոդված 52. Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները
1. Կենտրոնական բանկը իր հաշվեկշռում արտացոլում է Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստները, որոնք կարող են ներառել հետևյալ միջոցները`
ա) ոսկուց և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամներ և ստանդարտացված ձուլակտորներ.
բ) արտարժույթով արտահայտված թղթադրամ և մետաղադրամ, ինչպես նաև օտարերկրյա առաջնակարգ բանկերի հաշվեկշիռներում պահվող արտարժութային մնացորդներ.
գ) այլ պահուստային միջոցներ, ներառյալ` Միջազգային Արժութային Հիմնադրամի փոխառության հատուկ իրավունքները.
դ) արտարժույթով արտահայտված հասարակ և փոխանցվող մուրհակներ.
ե) այլ պետությունների, կենտրոնական կամ այլ առաջնակարգ բանկերի, կամ միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից թողարկված, կամ երաշխավորված պարտատոմսեր, ինչպես նաև արտարժույթով արտահայտված նրանց կողմից կնքված, կամ երաշխավորված ֆորվարդային, կամ հետադարձ գնման համաձայնագրեր:
2. Պահուստային միջոցների տեղաբաշխման առաջնային չափանիշը` տեղաբաշխվող միջոցների անվտանգությունն ու իրացվելիությունն է: Կենտրոնական բանկը միջազգային պահուստները պահպանում է այն մակարդակի վրա, որը համապատասխանում է դրամավարկային քաղաքականության իրականացմանն ու ապահովում է Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների անխոչընդոտ կատարումը:
3. Կենտրոնական բանկը յուրաքանչյուր եռամսյակը մեկ կառավարությանն է ներկայացնում միջազգային պահուստների վիճակի և կազմի մասին տեղեկատվություն և հրապարակում է այն: Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պահուստների մակարդակը նվազում է, կամ ըստ Կենտրոնական բանկի, առկա է դրա նվազման այնպիսի միտում, որի հետևանքով կարող է վտանգվել դրամավարկային քաղաքականության իրականացումը կամ Հայաստանի Հանրապետության միջազգային պարտավորությունների անխոչընդոտ կատարումը, ապա Կենտրոնական բանկն արտահերթ տեղեկատվություն է ներկայացնում կառավարությանը միջազգային պահուստների վիճակի, դրանց մակարդակի նվազման կամ հնարավոր նվազման պատճառների, ինչպես նաև ստեղծված իրավիճակը շտկելու համար անհրաժեշտ միջոցառումների վերաբերյալ և այդ մասին տեղյակ է պահում Հայաստանի Հանրապետության Նախագահին և Ազգային ժողովին: