Հոդված 18. Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալը
Հոդված 18. Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալը
1. Կենտրոնական բանկի նախագահը Կենտրոնական բանկի բարձրագույն պաշտոնատար անձն է: Կենտրոնական բանկի նախագահը պատասխանատու է սույն օրենքով սահմանված Կենտրոնական բանկի խնդիրների իրագործման համար:
Կենտրոնական բանկի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում նրան փոխարինում է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալը, իսկ տեղակալի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում` Կենտրոնական բանկի խորհրդի տարիքով ավագ անդամը:
2. Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալը նշանակվում են Ազգային ժողովի կողմից` Հայաստանի Հանրապետության Նախագահի առաջարկությամբ` յոթ տարի ժամկետով:
3. Կենտրոնական բանկի նախագահը և նրա տեղակալը չեն կարող լինել որևէ կուսակցության ղեկավար մարմնի անդամ, զբաղվել քաղաքական գործունեությամբ, զբաղեցնել պետական այլ պաշտոն կամ կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից:
4. Կենտրոնական բանկի նախագահը`
ա) կոորդինացնում և ապահովում է Կենտրոնական բանկի, նրա խորհրդի և խորհրդի անդամների բնականոն աշխատանքը.
բ) նախագահում է Կենտրոնական բանկի խորհրդի նիստերը, ստորագրում է Կենտրոնական բանկի խորհրդի ակտերը և խորհրդի նիստերի արձանագրությունները.
գ) կազմակերպում է Կենտրոնական բանկի խորհրդի նորմատիվ ակտերի կատարումը.
դ) ներկայացնում է Կենտրոնական բանկը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում և միջազգային կազմակերպություններում.
ե) տալիս է լիազորագրեր.
զ) հաստատում է Կենտրոնական բանկի աշխատակիցների հաստիքացուցակը.
է) բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի նշանակում և ազատում է աշխատանքից Կենտրոնական բանկի ստորաբաժանումների ղեկավարներին և մյուս աշխատակիցներին.
ը) իրականացնում է օրենքով Կենտրոնական բանկի խորհրդի իրավասությանը չվերապահված այլ լիազորություններ: