Հոդված 38. Բանկերի վարկավորումը
Հոդված 38. Բանկերի վարկավորումը
1. Կենտրոնական բանկը, որպես վերջին ատյանի վարկատու, կարող է իր կողմից սահմանված կարգով վեց ամիս մարման ժամկետը չգերազանցող վարկեր տրամադրել բանկերին:
Բացառիկ դեպքերում, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի` ամբողջությամբ վերցրած միասնականությունը և սահունությունը պահպանելու նպատակով Կենտրոնական բանկը կարող է տրամադրել մինչև մեկ տարի մարման ժամկետ ունեցող վարկեր:
2. Կենտրոնական բանկի կողմից բանկերին տրամադրվող վարկերը պետք է ապահովված լինեն`
ա) պետական արժեթղթերով.
բ) ոչ ավելի, քան ինը ամիս մարման ժամկետ ունեցող հուսալի չեկերով և մուրհակներով.
գ) Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ` այլ արժեթղթերով.
դ) ոսկուց և այլ թանկարժեք մետաղներից պատրաստված մետաղադրամներով և ստանդարտացված ձուլակտորներով.
ե) Կենտրոնական բանկում, ինչպես նաև Կենտրոնական բանկի խորհրդի համաձայնությամբ այլ բանկում` հայկական դրամով, կայուն արտարժույթով կամ սույն մասի «ա», «բ», «գ» և «դ» կետերում թվարկված արժեթղթերով և թանկարժեք մետաղներով ներդրված ավանդներով:
3. Առանձին դեպքերում Հայաստանի Հանրապետության բանկային համակարգի` ամբողջությամբ վերցրած կայունությունն ու զարգացումն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկն իր խորհրդի կողմից սահմանված կարգով կարող է բանկերին տրամադրել այլ միջոցներով ապահովված կամ առանց ապահովման (բանկային) վարկեր:
4. Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է առանձին տեսակի վարկերի համար վարկավորման տարբերակված տոկոսադրույքներ և վարկավորման հատուկ կարգ և պայմաններ սահմանել:
5. Առանձին դեպքերում Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է երաշխավորել բանկերի պարտավորությունները` դրանց զարգացման և հատուկ այլ ծրագրերի իրագործման նպատակով բանկերից և այլ ներդրողներից փոխառություններ ձեռքբերելու համար, եթե`
ա) տվյալ փոխառության համար բանկի կողմից վճարվող տոկոսադրույքը էականորեն ցածր է Հայաստանի Հանրապետությունում նման փոխառության միջին շուկայական տոկոսադրույքից.
բ) տվյալ փոխառությունը երկարաժամկետ է.
գ) տվյալ փոխառության օգտագործման ծրագիրն արժանացել է Կենտրոնական բանկի խորհրդի հավանությանը:
Կենտրոնական բանկի խորհուրդը կարող է երաշխիքների տրամադրման լրացուցիչ պայմաններ սահմանել: